Աբովյանի կանգառներում մարդկանց են քաշքշում՝ արգելում օգտվել տաքսիներ

Աբովյանի կանգառներում մարդկանց են քաշքշում՝ արգելում օգտվել տաքսիներ

Hraparak.am-ը գրում է․ Օգոստոսից սկսած Աբովյան քաղաքի բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ շուրջ 45 հազար բնակչություն ունեցող քաղաքի կանգառներում ինչ-որ կասկածելի արտաքինով անձինք են հայտնվել, որոնք մարդկանց արգելում են օգտվել տաքսիներից:

Բանն այն է, որ Աբովյանից Երեւան եկող մարդիկ միանում են իրար եւ 4-5 հոգով 400-ական դրամ դնելով, տաքսի են վարձում, որ ավտոբուս չնստեն, մարդատար մեքենայով հասնեն մայրաքաղաք: Դա դուր չի գալիս միջքաղաքային տրանսպորտն աշխատացնողներին նրանք տրանսպորտի «հսկիչներ» են ուղարկել, այդ ինքնակոչներն արգելում են մարդկանց օգտվել տաքսիներից:

Նրանք իրենց անօրինական գործունեությունը բացատրում են նրանով, որ կանգառներում կանգնած տաքսիները, որոնք Երևան հասնելու ամենաարդյունավետ միջոցն են, խանգարում են մարզային տրանսպորտի աշխատանքին: Պարզ է, որ խփում են իրենց եկամտին, թույլ չեն տալիս, որ մարդիկ ավտոբուսով հասնեն Երեւան եւ հարստացնեն երթուղիների տերերին:

Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ Աբովյան քաղաքի տրանսպորտն իբրև թե բարեփոխելու նպատակով նոր, բավականին դանդաղաշարժ ու ոչ հարմարավետ ավտոբուսներ բերվեցին, որոնք նախկին 15 րոպե հաճախականության փոխարեն այժմ աշխատում են 35 րոպեն մեկ, տոմսի գինն էլ բարձրացել է` 200 դրամի փոխարեն արդեն մեկ տարի է 300 դրամ է դարձել ուղեվարձը:

Այս «բարեփոխումների» արդյունքում թվով 4 միջմարզային երթուղիներից 267 համարի ավտոբուսները, որոնք ամենաշատ պահանջարկն ունեին, հանվեցին, փոխարենը նոր տրանսպորտի միջոց գիծ չմտավ: Հիմա էլ տաքսիներին են արգելում աշխատել: 

Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ Աբովյանի կանգառների «հսկիչներն» արդեն այն աստիճան են լկտիացել, որ տաքսի նստող մարդկանց են քաշքշում, հրմշտում, վիրավորում, հանում մեքենաներից: Ըստ որոշ տեղեկությունների, կանգառի այդ «հսկիչներն» ամսական 350 հազար դրամ աշխատավարձ են ստանում, անգամ սնունդ և ծխախոտ են ստանում գործատուի կողմից, որպեսզի առավոտյան ժամերին աբովյանցիների հետ «բազարների» մեջ մտնեն: 

Խնդրի մասով մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` ի վերջո տրանսպորտի ոլորտը նրանց տիրույթում է:

Ուզում էինք հասկանալ, թե ո՞վ և ի՞նչ իրավունքով է կանգառներում, կանգառներին հարակից տարածքներում հսկողություն իրականացնում, սահմանափակում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը:

Նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրին ծանոթ են, դիմել են ոստիկանություն, սակայն ոստիկանությունից դեռևս պատասխան չեն ստացել:

Նա վստահեցրեց, որ փորձում են խնդրին լուծում տալ, իսկ թե ինչու 4 ամիս շարունակ չի ստացվում այս փոքրիկ հարցը կարգավորել, այդ հարցի պատասխանը նախարարության խոսնակը չտվեց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում