Արամս զոհվել է պայթյունից, բայց փրկել է մեկ այլ զինվորի կյանք․ Լորետան կորցրել է նաև 2 եղբայրներին

Արամս զոհվել է պայթյունից, բայց փրկել է մեկ այլ զինվորի կյանք․ Լորետան կորցրել է նաև 2 եղբայրներին

Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված, զոհվածի մայր Լորետա Բաղշիյանը, ում որդին՝ Արամը, 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է։

Լորետան Արցախում է թողել իր սիրտը, որովհետև որդուց զատ՝ կորցրել է նաև 2 եղբայրներին։ «Արամս զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պայթյունից, երբ փորձել է փրկել մեկ այլ զինվորի կյանք։

Պայթյունի ժամանակ նա իր մարմնով ծածկել է զինակից ընկերոջը, ով այսօր դարձել է իմ երկրորդ Արամը։

Մինչև հիմա այդ տղայի հետ կապը պահում եմ և երբ տեսնում եմ նրան, Արամիս եմ զգում»,- ասում է Լորետան։ Արամը 2002 թվականին մայիսի 9-ին էր ծնվել։

Լորետան ասում է՝ մայր լինելու բերկրանքն առաջին անգամ զգացել է Արամի հետ: «Նրանով է սկսել իմ կյանքն ու նրանով շարունակվում է, քանի որ իմ Արամը միշտ ինձ հետ է։

Նա միշտ իր խոստմանը հավատարիմ է եղել, բացառությամբ մեկի, երբ ինձ խոստացավ, որ անպայման հետ է գալու»,- ասում է որդեկորույս մայրը, ում համար երկրորդ հարվածը՝ անհայրենիք մնալը, ոչնչով սփոփել հնարավոր չէ։

«Երբ պիտի անվերադարձ լքեի տունս, վերջին անգամ երկար նայեցի տանս պատերին, ամեն մի անկյունին, համբուրեցի տանս դուռը ու դուրս եկա»,- ասում է մեր զրուցակիցը, ով իր հետ իր տնից բերել է միայն որդու լուսանկարները։ «Ինձ հետ միայն Արամիս լուսանկարներն ու մի քանի իրերն եմ վերցրել։

Վախենում էի, որ որդուս նկարները կվերցնեն, որովհետև շատերը զինվորական նկարներ էին: Հակարիի կամուրջի մոտ ադրբեջանցիները մոտեցան, բացեցին կապոցը և ի զարմանս ինձ՝ ոչինչ չարեցին»,- ասում է Լորետան, ում խոսքով՝ չնայած 30 ժամ ճանապարհ է կտրել, մինչև հատել է դժոխքի ճանապարհը, բայց ապրում է այն հույսով, որ մի փոփոխություն կլինի ու ետ կգնա Արցախ։

«Հիմա ապրում եմ Երևանում՝ այն հույսով, որ պիտի ետ գնամ իմ տուն: Աշխատում եմ թշնամու սոցհարթակներում տեղադրված տեսանյութերը չդիտել, որովհետև մեծ ցավ եմ ապրում և դժվարանում եմ տեսնել մեր երկիրն օտարների ձեռքին:

Շատ ծանր եմ տանում, երբ գիտակցում եմ, որ թշնամին կարող է պղծել իմ եղբայրների ու այնտեղ թաղված տղաների գերեզմանները։

Ծանր է, երբ գիտակցում եմ, որ կան ծնողներ, մարդիկ, որոնց որդիների, հարազատի մարմինները Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանն են մնացել։ Միակ սփոփանքս այն է, որ որդիս թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- ասում է որդեկորույս մայրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում