Արգենտինայի նոր նախագահը եղել է Էդուարդո Էռնեկյանի գլխավոր խորհրդականը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Արգենտինայի նախագահական ընտրությունների վրա, որտեղ էքսցենտրիկ տնտեսագետ Խավիեր Միլեյն ընտրվեց նախագահ:
Նրան շատերն անվանում են «Արգենտինայի Թրամփ» կամ «Արգենտինայի Բորիս Ջոնսոն»:
Խավիեր Միլեյը մեզ՝ հայերիս նրանով է հետաքրքիր, որ եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corproation America կազմակերպության աշխատակից եւ Էռնեկյանի գլխավոր խորհրդականը՝ 2008-2021թթ․։
Հեռացել է կազմակերպությունից՝ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով:Ավելին, Միլեյը ոչ մեկ անգամ ուղեկցել է Էռնեկյանին՝ Հայաստան ճամփորդելիս:
Իհարկե, Միլեյը հակասական կերպար է, սակայն Էռնեկյանը վստահ է, որ նա լավ նախագահ է լինելու, եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել:
Որոշ համաշխարհային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Financial Times-ը, գրել են, որ Արգենտինայի նորընտիր նախագահի թիկունքին կանգնած է Էդուարդո Էռնեկյանը»։