Արմավիրում կինը դիմել է ոստիկանություն․ ամուսնու ընկերը հետևից գրկել է իրեն և համբուրել
Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը:
Նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանել են նաև Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը:
Տեղում ահազանգող 29-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ, սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տականքը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից:
Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: