Գիտնականները պարզել են՝ որն է ավելորդ քաշի կուտակման հիմնական պատճառը

ավելորդ քաշ

Գիտնականները պարզել են՝ որն է ավելորդ քաշի կուտակման հիմնական պատճառը:

Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում մարդկության մեծագույն խնդիրներից են, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա՝ բարձրացնելով մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը, սակայն այժմ գիտնականները պարզել են՝ որն է ավելորդ քաշի կուտակման գլխավոր պատճառը:

Ինչպես գրում է hronika.info-ն՝ հղում անելով korrespondent.net-ին՝ ամերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ավելորդ կիլոգրամների կուտակման հիմնական պատճառն օրգանիզմում ջրային բալանսի խախտումն է:

Փորձագետների խոսքով՝ ճարպակալումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, քանի որ ամեն ինչ կախված է օրգանիզմի առանձնահատկություններից, սակայն անկախ ամեն ինչից այս հարցում շատ կարևոր դեր է խաղում նաև մարդու սննդակարգը:

Գիտնականներն անց են կացրել գիտափորձ, որին մասնակցել է 18-65 տարեկան մոտ 10 հազար կամավոր: Մասնագետները հետևել են կամավորների քաշի փոփոխություններին՝ փորձելով պարզել, թե որ գործոններն են նպաստում քաշի ավելացմանը:

Հետազոտությունների ընթացքում կամավորների մեկ երրորդն ավելորդ քաշ է կուտակել, իսկ գործոնների վերլուծությունը ցույց է տվել, որ նման փոփոխությունը պայմանավորված է եղել օրգանիզմում ջրի դեֆիցիտով:

Գիտնականներն ընդգծում են, որ օրվա ընթացքում ծարավը հագեցնելու համար մարդիկ հաճախ օգտագործում են բավական բարձր կալորիականություն ունեցող ընպելիքներ, այդ թվում շաքարով թեյեր, սերուցքով սուրճ, տարատեսակ հյութեր և այլն, սակայն քչերն են հաշվի առնում այն փաստը, որ օրգանիզմին հարկավոր է հասարակ մաքուր ջուր:

Հենց ջուրն է պատասխանատու մետաբոլիկ բոլոր գործընթացների և օրգանիզմի համակարգերի առողջության պահպանման համար, ուստի զարմանալի չէ, որ ջրի պակասը նման կերպ է անդրադառնում օրգանիզմի վրա:

Աղբյուր՝ Tert.am