Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ պարզվել է ինքնությունը
Shamshyan.com-ը գրում է․ Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, ով նույն օրը՝ ժամը 11:55-ի սահմաններում, գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակում մահացել է:
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: