«Գրպանում երեխեքի նկարներն էին, իմացանք, որ ինքն ա…»․ չորս երեխաները մնացել են հոր խնամքին
Medialab.am-ը գրում է․ Վարդանյանների ընտանիքում ծանր լռություն է, որ երբեմն ընդհատվում է փոքրիկ Տիգրանի աշխույժ ծիծաղով։ Տնեցիներն ասում են՝ 2․5-ամյա Տիգրանը միակն է, որ դեռ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և միակն է, որ դեռ սպասում է մորը՝ Նարինե Վարդանյանին, որ զոհվել է Արցախում սեպտեմբերի 25-ին՝ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ:
«Մեկ-մեկ գալիս ասում ա՝ մամայիս եմ ուզում, հետո գնում, կանգնում ա մոր նկարի առաջ, ասում ա՝ նայեք, հեսա մաման, իսկ երբ տեսնում ա Նարինեի հեռախոսը մեր մոտ ա, ասում ա՝ մամայի հեռախոսը տվեք»,- աչքերը մի կետի հառած՝ ցածրաձայն ասում է ընտանիքի հայրը՝ 33-ամյա Արտակ Վարդանյանն ու ավելի ամուր գրկում իրեն փաթաթված դստերը՝ 11-ամյա Զոյային, որ Արտակի խնամքին մնացած չորս երեխաներից ավագն է։
Կնոջ ողբերգական մահվան մասին Արտակը խոսել չի կարողանում, միայն զգուշորեն տեղափոխում է նրա լուսանկարը մեկ սեղանին, մեկ էլ պահարանի գլխին, որ հանկարծ երեխաները չգցեն, իսկ լուսանկարի առջև միշտ կարմիր վարդեր է դնում։ Ասում է՝ կնոջ սիրած ծաղիկներն էին, որ իրենց ծանոթության օրվանից էր նվիրում։
«Ինքը կարմիր վարդեր շատ էր սիրում, ես էլ միշտ նվիրում էի՝ հլը էն ժամանակվանից, որ 19-20 տարեկան էինք․․․ Հիմա էդ կարմիր վարդերը իրա նկարի առաջ եմ դնում․․․ Համ էլ՝ հեսա ծնունդն ա, 36 տարեկան էր դառնալու»,- հիշում է Արտակը, որ թեև դժվարությամբ է խոսում, բայց լավ է հիշում այն օրերը, որ գլխիվայր շրջեցին իրենց ողջ կյանքը։
«Ամսի 19-ին, երբ ամեն ինչ սկսվեց, երեխաները դպրոցում էին, կինս երեխեքին դպրոցից բերեց տուն, հետո իջացրեց շենքի պադվալ։ Պատերազմի սկզբից մինչև վերջ ես աշխատանքի մեջ էի Ստեփանակերտի ազգային անվտանգության ծառայությունում ու դուրս գալ չէի կարողանում, Նարինեն էր ամեն ինչ անում․․․»,- հիշում է Արտակը։
«Քաղաքի վրա անդադար խփում էին, մոտ 3-4 օր էլ հոսանք չկար, պադվալներում էինք մնում էդ ահավոր պայմաններում․․․ Հետո արդեն ամսի 24-ից մարդիկ քիչ-քիչ սկսեցին դուրս գալ»,- ասում է Արտակ Վարդանյանի քույրը՝ 40-ամյա Կարինե Վարդանյանը, որ Նարինեի մահից հետո հոր՝ 76-ամյա Վարդան Վարդանյանի հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ օգնելու երեխաների խնամքի հարցում։
«Ամսի 25-ին իմացանք, որ վառելիք կար, ու ով կարողանում էր, գնում էր բենզին վերցնելու։ Նարինեն էլ հենց իմացավ, ինքն էլ մյուս հարևանների հետ իջավ՝ բենզինի, որ գոնե էդ հարցը լուծեր, մինչև Արտակը գար ու դուրս գայինք․․․ Բայց գնաց ու ինքն էլ վառվեց․․․ էս չորս երեխաներն էլ իրանն են, առանց մոր են մնացել․․․»,- պատմում է Կարինեն։
Պայթյունը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի:
Դեպքից հետո Վարդանյանները Նարինեին փնտրել են բոլոր հնարավոր ու անհնար վայրերում՝ հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ, սակայն ապարդյուն։ Կնոջ մասին որևէ տեղեկություն չունենալով՝ սեպտեմբերի 28-ին ընտանիքը դուրս է եկել Արցախից հարյուրհազարավոր այն արցախցիների հետ միասին, որ ավելի քան 9 ամիս շրջափակման պայմաններում գտնվելուց հետո՝ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեցին և ստիպված եղան լքել սեփական հայրենիքը։
«Հոկտեմբերի 5-ին, երբ հասանք Հայաստան, զանգ ստացանք Կապանի դիահերձարանից ու իմացանք, որ ինքն էնտեղ ա։ Մարմինը կիսով չափ այրվել էր, բայց բոլոր փաստաթղթերը նույնությամբ պահպանվել էին։ Գրպանում երեխաների նկարներն էին ու ամուսնու ավտոյի վկայականը, տենց իմացանք, որ ինքն ա․․․»,- պատմում է Կարինեն: Նա հավելում է՝ Նարինեի մարմինը բերել են հոկտեմբերի 8-ին և հուղարկավորել Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում՝ նրա հետ հողին հանձնելով նաև երջանիկ այն տարիները, որ ապրել էին Արցախում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում