Դալարիկում 33 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որի մեջ բարձված է եղել 80 տոննա ցեմենտի հումք, դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

Դալարիկում 33 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որի մեջ բարձված է եղել 80 տոննա ցեմենտի հումք, դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 33 վագոն, դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից, որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։

Տեղում իրավիճակը գնահատելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։Վագոնները վերածվել են մետաղե ջարդոնի, հայտնվելով դաշտերում ու ձորերում, գնացքի շարժակազմի առջևի հատվածը կիսակողաշրջված է։

Մանրամասները քիչ ուշ։