Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ. Տաթևիկ Ռևազյան

Տաթևիկ Ռևազյան

Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ. Տաթևիկ Ռևազյան:

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն անդրադարձել է Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի՝ երկիրը լքելու ու Դանիա տեղափոխվելու լուրերին։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։

Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ»,- հայտնեց Ռևազյանը։

Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում»,- տեղեկացնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը: