«Եղնիկների Էդոն» մնաց իր իսկ պաշտպանած Արցախում․ հրաժեշտ տալ կարողացավ միայն հայրը

«Եղնիկների Էդոն» մնաց իր իսկ պաշտպանած Արցախում․ հրաժեշտ տալ կարողացավ միայն հայրը

«Փաստինֆո»-ն գրում է․ Մարտակերտի Մաղավուզ գյուղում ծնված Էդուարդ Դանիելյանին՝ հազարավորների հետ, Արցախի հողը գրկել ու պահում է․ 21-ամյա զինծառայողը դիրքապահ էր իր պաշտելի «Եղնիկներ»-ում, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները սեպտեմբերի 19-ին հարձակվեցին Արցախի վրա։

Այդ օրն առավոտյան՝ ժամը 11-ին, Էդուարդը նշանածի՝ Հասմիկի հետ խոսել է, բայց ոչինչ չի ասել վերահաս վտանգի մասին։ Ծառայության հետ կապված ընդհանրապես ոչինչ չէր ասում Հասմիկին, անգամ կարոտի մասին չէր խոսում։

«Մի անգամ հարցեցի՝ չե՞ս կարոտում ինձ, որ մի անգամ չես ասում, ասաց՝ որ ասեմ, ավելի շատ եմ կարոտելու․․․ Բայց վերջին օրերին ասում էր, որ կարոտում է․․․»,-«Փաստինֆո»-ին հուզմունքից խեղդվող ձայնով ասում է Էդուարդի ընտրյալը՝ Հասմիկը։

Էդուարդը զորակոչվել էր 2021թ․ փետրվարին․ այս տարի պետք է զորացրվեր, բայց երեք տարով պայմանագիր էր կնքել։ Սկզբում Մարտակերտում էր ծառայում, հետո դիմեց ու տեղափոխվեց «Եղնիկներ»։ Դիպուկահար էր, մինչ այդ էլ՝ դիրքի ավագ, ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար։

Հասմիկը հիշում է՝ Էդուարդը միշտ նկարներ էր ուղարկում «Եղնիկներ»-ից, ասում, որ շատ գեղեցիկ բնություն է, կարծես՝ մառախուղը ոտքերիդ տակ լինի․․․ Նկարներն էլ այնպես էր անում, որ բնություն այդ հրաշք տեսարանները երևան։

Սեպտեմբերի 19-ին Հասմիկի հետ խոսելու ժամանակ ասել էր, որ պիտի գնան փայտ բերելու, քանի որ շատ ցուրտ էր, լեռներում ձյուն էր դրել։ Մի քանի ժամ անց ադրբեջանցիները հարձակվում են։ Այդ ամբողջ ընթացքում Էդուարդի հետ կապվել ոչ ոք չէր կարողանում․ անգամ հայրը, որ նույնպես ՊԲ-ի համակարգում էր, չէր կարողացել խոսել որդու հետ։

Զոհվելուց 12 ժամ անց մի կերպ գտնում են Էդուարդի մարմինը՝ կողքի դիրքի տարածքում։ Իրենց դիրքի անձնակազմից ողջ մնացած միակ զինծառայողի պատմելով են հարազատներն իմացել, որ հարևանությամբ գտնվող դիրքի վրա ռմբակոծիչ ինքնաթիռների հարվածներից անմիջապես հետո Էդուարդենք օգնության էին գնացել տղաներին, բայց չեն հասցրել․ ռմբակոծիչի հաջորդ հարվածից զոհվում են նաև իրենք․․․

«Էդ տղան պատմում էր, որ իրենց համոզում էր չգնան, քանի դեռ պտտվում ա էդ ինքնաթիռը, բայց չեն լսել տղաները, վազել են օգնելու ու իրենց էլ է խփել»,-պատմում է Հասմիկը։

Էդուարդին հուղարկավորել են սեպտեմբերի 23-ին՝ ծննդավայրում։ Հարազատներից միայն հայրն էր գյուղում․ մյուսներին արդեն տարհանել էին, ճանապարհն էլ՝ փակ էր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում