Երիտասարդ սպան և իր զինվորների հետ չեն լքել մարտի դաշտը. աննահանջ կռվել են մինչև հոկտեմբերի 13-ը

Երիտասարդ սպան և իր զինվորների հետ չեն լքել մարտի դաշտը. աննահանջ կռվել են մինչև հոկտեմբերի 13-ը

Oragir.News-ը գրում է․ «Անդրեյը միշտ օրինակելի զավակ է եղել ինձ համար, նա նաև օրինակելի հրամանատար էր իր զինվորների համար:

Փոքրուց Անդրեյի երազանքը զինվորական դառնալն էր, ասում էր՝ պիտի ծառայեմ հայրենիքիս: Ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ավարտելուց հետո անցավ ծառայության:

Սիրում էր թե՛ իր զինվորականի մասնագիտությունը, թե՛ իր համազգեստը…ես գիտեի, որ Անդրեյը ինչքան իմ որդին էր, էդքան էլ հայրենիքինն էր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպա Անդրեյ Ավագյանի մայրը՝ Լիրա Օհանջանյանը:

Արցախցի սպան 2011թ.-ից ծառայել է Վարանդայում (Ֆիզուլի): Հայրենիքին ծառայելն իր ընտրությունն էր, իր որոշումը: «Երբ պատերազմը սկսվեց, Անդրեյը արձակուրդում էր, կանչեցին շտաբ. պատերազմ էր:

Մենք մտածում էինք, որ մի քանի օր կտևի, պարզվեց՝ էս մեկը սարսափելի է:Պատերազմի սկզբի օրերին կապ չկար, մի քանի օր չենք կարողացել Անդրեյի հետ խոսել, հետո համարյա ամեն օր զանգում էր… խոսակցությունները սկսվում և վերջանում էին՝ ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք:

Իրեն պինդ էր պահում, որ մենք չհուսահատվենք: Ասում էր՝ ամեն ինչ շատ լավ կլինի»,- շարունակում է Անդրեյ Ավագյանի մայրը: Տիկին Լիրան պատմում է, որ հայրենիքի հանդեպ սերը Անդրեյի մոտ շատ խորն էր, սիրահարված էր Արցախի հողին, գուցե դա նաև նրանից էր, որ հայրը ազատամարտիկ էր և կյանքը տվել է հանուն Արցախի:

Կապիտան Անդրեյ Յուրիկի Ավագյանը ծնվել է 1990թ. հունվարի 31-ին՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում, որպես տանկային վաշտի հրամանատար ծառայել է Վարանդայում:

Անդրեյը ազատամարտիկ Յուրիկ Ավագյանի որդին է, ով զոհվել է 1992թ.-ին: 2007թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, իսկ 2011թ.-ից անցել է ծառայության: Անդրեյ Ավագյանը մասնակցել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել «Արիության մեդալով»:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից կռվել է Վարանդայի ճակատում. Անդրեյը կռվում էր այնտեղ, որտեղ ամենաթեժ մարտերն էին, նրա զինվորները կասեցնում էին հակառակորդի հարվածները:

Զրահատեխնիկայի խոցվելուց հետո Ավագյանը թշնամու ստորաբաժանումների հետ կռվել է ինքնաձիգով: Երիտասարդ սպան և իր մարտիկները չեն լքել մարտի դաշտը. նրանք վերցրել են ավտոմատներն ու նռնականետերը և կռվել որպես հետևակայիններ:

Աննահանջ կռվել է մինչև հոկտեմբերի 13-ը: Անդրեյ Ավագյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին: Խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

«Հիմա մեր տունն էլ, մեր տարածքներն էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել, բայց էդ ուղղությամբ չենք մտածում… ուր էլ լինես, կստեղծես, կապրես, իմ երեխեն պիտի մեզ հետ լիներ»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում