Երևան Սիթի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ-ի շենք, բենզինը լցրել վրան և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, իրեն կհրկիզի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցներից Զոհրաբ Մ.-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի մտել է Հալաբյան փողոցում գործող ԴԱՀԿ շենք և սպառնում է ինքնասպանություն գործել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ 48-ամյա Ալիկ Դ.-ն մտել է ԴԱՀԿ շենք, իր վրա բենզին է լցրել ու պահանջել, որ եթե ԴԱՀԿ աշխատակիցները իր հարցերին լուծում չտան, ապա ինքն իրեն կհրկիզի: Տևական ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցները նրա հետ բանակցություններ են վարել և նա հրաժարվել է այդ քայլին դիմելուց:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալիկ Դ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևանի սիթի» ընկերությունում: