Էդգարիս «տնից» մի բուռ հող ենք բերել. նա այդպես էլ չհասցրեց տեսնել որդուս․ զոհվածի քույր

«Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ժամկետային զինծառայող եղբայրս Հադրութում էր։ Կյանքիս ամենասարսափելի առավոտն էր դա, երբ արթնացա պայթյունների ձայներից»,- Oragir. News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Դոլուխանյանի քույրը՝ Էլինան։ Էդգարն այսօր կդառնար 23 տարեկան։

«Այնպես ամուր կգրկեի ու երջանիկ աչքերով կասեի` ծնունդդ շնորհավոր, ամենալավ եղբայր… Ամենաշատը հիմա ինձ տանջում է փաստը, որ չտեսա նրա 23-ը․․․ Նա հիմա համալսարանի ավարտական կուրսի ուսանող կլիներ, երեսի խիտ մազածածկույթով, տղամարդու վայել կեցվածքով․․․»,- ասում է Էլինան։

Մինչ 44-օրյա պատերազմը, Էլինայի նորաստեղծ ընտանիքն ապրում էր Շուշիում։ Ամուսինը ԱԻՆ աշխատող էր, բալիկը՝ 40 օրական․․․

«Ինձ ու բալիկիս տեղափոխեցին Երևան․․․ Ամեն անգամ սարսափով էի կարդում զոհվածների անունները, տագնապով, որ հանկարծ հարազատ անուն չհանդիպեմ, չնայած սիրտս մղկտում էր բոլորի համար։

Ամեն օր խոսում էի եղբայրներիս ու ամուսնուս հետ, մեզ հույս էին տալիս, որ լավ կլինի ամեն բան, իրենց հետ ամեն ինչ լավ է։ Հոկտեմբերի 1-ն էր, երբ հայրս խոսեց ու հայտնեց լավ լուրը` Էդգարը՝ եղբայրս, թշնամու տանկ էր խոցել։ Հպարտությունս սահման չուներ։

Ցավոք, եղբորս կյանքը ընդհատեց չարաբաստիկ պատերազմը, նա զոհվեց հոկտեմբերի 9-ին՝ Կարախամբեյլիում։ Նրա զորացրվելուն 100 օր էր մնացել»,- ասում է մեր զրուցակիցը։

«Էդգարը 2 քույրերիս միակ եղբայրն էր, այնքան շատ երազանքներ ունեինք իր հետ կապված։ Նա այդպես էլ չհասցրեց տեսնել որդուս, որի ծնվելուն այդքան սրտատրոփ սպասում էր։

Ծնողներս նրա նոր «տունը», որը մնաց հայրենի Խնուշինակ գյուղում, իսկական դրախտավայր էին դարձրել այս 3 տարվա ընթացքում։

Այսօր կարոտ մնացինք նաև նրա ու հարազատներիս շիրիմներին»,- մղկտում է Էլինան, ով 44-օրյա պատերազմում կորցրել է նաև մորաքրոջ որդուն` Յուրային, հորաքրոջս որդուն` Հայասերին, իսկ վիրավոր ամուսինը Աստծո ողորմությամբ այսօր գոնե իր կողքին է։

Այսօր, երբ ընտանիքը կորցրել է ամեն ինչ, միայն 1 երազանք ունի՝ գոնե մեկ անգամ հնարավորություն ունենա այցելել հարազատների շիրիմներին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում