Ընտանիքի 8 անդամների տեղափոխել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 21:00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին պետ Սուրեն Բագրատունյանը։
Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Լարիսա Մ․-ն, 71-ամյա Ժորա Հ․-ն, 39-ամյա Սարգիս Հ․-ն, 34-ամյա Անի Ս․-ն , 3-ամյա Տիրան Հ․-ն, 42-ամյա Լուսինե Հ․-ն, 10-ամյա Արամ Հ․-ն և 16-ամյա Անժելա Հ․-ն։
Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Բաղրամյան փողոցի իրենց տնից՝ խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով ինքնազգացողությունները վատանալուց հետո։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։