Ինձ հասանելիք նպաստն եմ ուզում, ոչ թե օգնություն. արցախցի 7 հոգանոց ընտանիքում 5-ը հաշմանդամության խնդիր ունեն

Ինձ հասանելիք նպաստն եմ ուզում, ոչ թե օգնություն. արցախցի 7 հոգանոց ընտանիքում 5-ը հաշմանդամության խնդիր ունեն

Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Նունե Բալասանյանը, ով բռնագաղթել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից։

Նունեի խոսքով, երբ հասել է դպրոցի բակ, նոր հասկացել է, որ մայրն ու մյուս երեխան իր հետ չեն. «Մի քանի ժամ հետո գտել ենք մորս ու աղջկաս՝ հարևանիս նկուղում…

Մայրս ավելի ուժեղ էր գտնվել երևի, քան՝ ես։ Նա իր հետ հասցրել էր վերցնել երեխաներիս համար կենսական նշանակության դեղերը։

Ամբողջ գիշեր մնացել ենք նկուղում, լուսադեմին, երբ հարևանս եկել էր իր երեխաներին Ստեփանակերտ տեղափոխելու, առանց որևէ գումարի տեղափոխեց նաև մեզ: Ստեփանակերտի օդանավակայանում 7 օր մնացինք, անմարդկային պայմաններում առանց հացի»։

Նունեն երախտագիտությամբ է խոսում իր հարևան Վարդգեսի մասին, ով 7 օր շարունակ առանց տրտնջալու իր մեքենայի մեջ պահել է իրենց.

«Սեպտեմբերի 24-ին, երբ ճանապարհը բացվեց, Վարդգեսն իր ընտանիքի հետ տեղափոխեց նաև մեզ, հասցրեց Գորիս»,-ասում է մեր զրուցակիցը, ով այսօր բնակվում է Գյումրիում։

Նունեն 3 երեխաների մայր է, որոնցից երկուսը՝ հաշմանդամության խնդիր ունեն։ Լուրջ առողջական խնդիրներ ունի նաև Նունեն։

Նեղացած է Նունեն աշխարհից ու իր բախտից։ Ասում է՝ իր 5 հոգանոց ընտանիքի հետ ապրում են նաև հաշմանդամության կարգ ունեցող ծնողները։

Ստացվում է, որ մի ընտանիքում կա 5 հաշմանդամության խնդիր ունեցող անձ, սակայն նրանցից ոչ ոք չի ստանում իր հասանելիք թոշակը։ Հարց, իսկ ինչո՞վ Նունեն առնի այդքան դեղերը։

«Ապրում եմ տնակում՝ 150․000 դրամ վարձով, նպաստ ու թոշակ չեմ ստանում, պետության կողմից հատկացվող գումարները ծախսվում են դեղորայքի ձեռքբերման ու տան վարձավճարի վրա։

Ես ամեն անգամ չեմ կարող մուրալ, ես շնորհակալ եմ բոլորից, ովքեր իմ ընտանիքին օգնության ձեռք են մեկնում, բայց ես ինձ հասանելիք նպաստն եմ ուզում, և ոչ թե՝ օգնություն»։

Նունե Բալասանյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098281459 հեռախոսահամարով: