Ինչի է ձգտում, բայց չի հասնում ռուսական պրոպագանդան
Armtimes.com-ը գրում է․ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ձախողմանը զուգընթաց Ռուսաստանի պաշտոնական շրջանակները և պետական քարոզչության հարթակներն ակտիվացրել են Հայաստանի դեմ տեղեկատվական հարձակումները։
Թիրախում առավելապես Հայաստանի պետականությունն է և բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց վերաբերյալ տարվում է անձնավորված արշավ` կիրառելով կեղծիքներ և մանիպուլյացիաներ։
Ֆեյքը և մանիպուլյացիան որպես երես փրկելու վերջին միջոց
Հայաստանի դեմ ուղղված ֆեյքային և մանիպուլյատիվ տեղեկատվություն շրջանառում են ոչ միայն ռուսական դասական քարոզիչները, այլև բարձրաստիճան պաշտոնյաները։ Բավական է նշել ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի անհավասարակշիռ հրապարակումները Հայաստանի վարչապետի մասին կամ ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովի հայտարարությունները, թե, իբրև, շուտով Հայաստանը կդադարի որպես պետություն գոյություն ունենալուց, և Ռուսաստանը «կվերականգնի վերահսկողությունն այդ տարածքի նկատմամբ»։
Օրինակներն, անշուշտ, շատ են, և միայն դրանց թվարկումը մեկ առանձին ծավալուն հոդված է պահանջում` սկսած հայկական ազգանուն ունեցող անձանցից, վերջացրած Լեռնային Ղարաբաղի հայության դեմ ադրբեջանամետ քարոզչություն իրականացնող պետական հեռուստաալիքներով։
Ամենաթարմ հակահայկական պրոպագանդայի խայտառակ դրսևորումը տեղ գտավ Ռուսաստանի Առաջին ալիքում, որը գրեթե մեկ ժամ եթերաժամանակ էր հատկացրել Հայաստանի և Հայաստանի ղեկավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելուն։
Հայաստանի ղեկավարին վերագրվող կեղծ մեջբերումների, միլիոն դոլար արժողությամբ ժամացույցի կեղծիքի, «սորոսական պատրոնաժ» ունեցող հայաստանյան ղեկավարության մասին ցնդաբանության և բազմաթիվ այլ կեղծիքների ու մանիպուլյացիաների տարափն իսկապես նողկալի էր, հատկապես երբ դա ցուցադրվում է Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքի ամենադիտվող ժամին։ Բացի էսթետիկ կողմից, այդ հաղորդման ընթացքում փորձ էր արվում նսեմացնել մի շարք արժեքներ, միջամտել Հայաստանի ներքին գործերին, առկա էին վիրավորական արտահայտություններ, ատելության խոսք և այլ թշնամական դրսևորումներ։
Ռուս պաշտոնյաների, պրոպագանդիստների կողմից նման ակնհայտ ուղղորդված ձեռագրի դրսևորումը և այդ ամենի թողած ազդեցության վերլուծությունը մի շարք հետաքրքիր եզրակացությունների է հանգեցնում։
Նախ, պետք է նկատել, որ հակահայկական այս ալիքը սկսվեց մեկ ամիս առաջ` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ հայ բնակչությանն էթնիկ զտման և Ղարաբաղը հայաթափելուն զուգահեռ։ Այդ օրերին ռուսաստանյան լրատվամիջոցները գրեթե չանդրադարձան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ու բացարձակ չլուսաբանեցեին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։
Փոխարենը ռուսական պետական լրատվական գործակալությունները և պետական հեռուստաալիքները գիշերուզոր լուսաբանում էին Երևանի բողոքի ակցիաները, իսկ ռուս քարոզիչները քաջալերում էին քաղաքացիներին փողոց դուրս գալ։
Ռուսական պետական լրատվամիջոցների արշավը և պրոպագանդիստների ուղղորդված ջանքերն ապարդյուն անցան, հասարակությունը պարզ գիտակցում էր, թե ինչ արհավիրք է վրա հասել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին, ովքեր էին դրա իրական մեղավորները և ում անգործության ու թողտվության պատճառով տեղի ունեցավ էթնիկ զտումը։
Սակավամարդ ակցիաները շուտ մարեցին, իսկ ռուսաստանյան շրջանակները սկսեցին խորը հիասթափություն հայտնել ու մեղադրել ընդդիմության առաջնորդներին, որոնք, իբրև թե, անկարող եղան օգտագործել առիթը, բողոքի ալիք բարձրացնել ու հասնել իշխանափոխության։
Մեղավոր է Արևմուտքը, մեղավոր է Սորոսը, մեղավոր է Փաշինյանը
Ռուսական պրոպագանդայի և պաշտոնական հռետորաբանության վերոհիշյալ ձևափոխումն ունի մեկ շատ պարզ նպատակ․ համոզել նախևառաջ սեփական, ներքին լսարանին, այնուհետև Հայաստանի հասարակությանն ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովրդին, որ Ղարաբաղի հայաթափումը ոչ թե Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա քաղաքական առևտրի ու տարածաշրջանային վերադասավորումների արդյունք էր, այլ, իբր թե, Արևմուտքի դրդմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանք, որը կանխելու համար Ռուսաստանը լծակներ չուներ։
Անշուշտ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության համար Հայաստանի բոլոր ժամանակների, այդ թվում՝ ներկա իշխանություններն ունեն իրենց մեղքի չափելի ու հստակ բաժինները։ Սակայն տարածաշրջանային գերտերության քաղաքականությունը և դրա անդառնալի հետևանքները Հայաստանի գրպանում տեղավորելու փորձերը զավեշտալի են, ապարդյուն և անպատվաբեր։
Արևմուտքի և Հայաստանի դեմ սլաքներն ուղղելու նարատիվը որևէ տրամաբանական քննադատության և հարցադրումների չի դիմանում, այլ ավելի շուտ հիշեցնում է դասը չսովորած աշակերտի կցկտուր պատճառաբանություն և պատասխանատվությունից ամեն կերպ խուսափելու փորձ։
Կցկտուր պատճառաբանությունների շարքից է նաև ամենաբարձր մակարդակով հնչեցրած միտքը, թե Ղարաբաղում ռուս խաղաղապահներն, իբր թե, իրականացնում էին բացառապես դիտորդական առաքելություն։ Այնինչ, դեռևս խաղաղապահների տեղակայման օրերին ՌԴ նախագահը հայտարարում էր, թե խաղաղապահների առաքելությունը Ղարաբաղի բնակչության անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովումն է։
Ռուսաստանում սեփական լսարանին մատուցվող այս զավեշտալի պատճառաբանությունները ինչ-որ սպառում գտնում են և արդյունք տալիս են։ Սակայն Ռուսաստանից դուրս ողջ աշխարհը և մասնավորապես՝ Հայաստանի հանրությունն ականատես է մի իրողության, երբ ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հայ ազգաբնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման ու հայրենազրկման։
Բոլորն ականատես են եղել, որ ՌԴ երաշխավորությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունն իր բոլոր կետերով առ ոչինչ է դարձել Ադրբեջանի ճնշման և ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչին հայտարարության երաշխավորը որևէ կերպ չի հակադարձել։
Բոլորը տեսել են, որ Ռուսաստանը չկատարեց իր ստանձնած կարևորագույն պարտավորությունները՝ ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը, Լաչինի միջանցքի անցանելիությունը և այլ դրույթներ։ Բոլորն ականատես դարձան, որ հնարավոր է սպանել 5-6 ռուս խաղաղապահի, այդ թվում՝ խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալին, այնուհետև մեկ հեռախոսազանգով ու սպանվածների հարազատներին դրամական փոխհատուցում առաջարկելով՝ փակել խնդիրը։
Որքան էլ ռուսական քարոզչամեքենան ծայրահեղ ջանքեր գործադրի, որքան էլ ռուս պաշտոնյաները մանիպուլյացիոն հնարքներ կիրառեն, վերը նկարագրված իրողություններն բացահայտ ճշմարտություն են, որոնք անհնար է հերքել կամ խեղաթյուրել։ Եվ դրանք մնալու են պատմության էջերում և սերունդների հիշողության մեջ։
Թե ինչու է Ռուսաստանը հայտնվել այնպիսի վիճակում, որ ստիպված է առևտուր անել հայ ժողովրդի մի մասի հայրենազրկման, սեփական խաղաղապահների արյան, սեփական հեղինակության ջախջախման հաշվին և արդյունքում տարածաշրջանը փոքր, բայց վստահ քայլերով լքել, քննարկման այլ թեմա է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում