Երիկամների բորբոքային հիվանդությունները կոչվում են նեֆրիտներ (հունարեն երիկամ բառից): Երիկամաբորբերից է պիելոնեֆրիտը, որի դեպքում ախտահարվում է երիկամների ավազանը. այն կարող է ախտահարել և՛ մեկ, և՛ միաժամանակ երկու երիկամը:
Պիելոնեֆրիտը միայն կանանց հիվանդություն չէ, սակայն փաստ է, որ դրանով կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Այս «խտրականության» պատճառը տղամարդկանց միզուղիների երկարությունն է, ինչի շնորհիվ մանրէները մինչև միզապարկ հասնելը «երկար» ու դժվարին ճանապարհ են կտրում: Բացի այս տարբերությունից, կանանց միզասեռական համակարգն այնպիսին է, որ սեռական օրգաններից վարակը հեշտությամբ կարող է ընկնել միզուղի:
Երբեք չպետք է մոռանալ, որ քրոնիկական բնույթ ստացած հիվանդությունը բուժելը բարդ է, երբեմն էլ լրիվ բուժումը դառնում է անհնար: Հիվանդությունը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկական ձևերով: Այս հիվանդությունը հաճախ հարուցվում է աղիքային ցուպիկներով. էնթերոկոկ, ստաֆիլակոկ, ստրեպտակոկ:
Պիելոնեֆրիտի զարգացումը մեծապես պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր վիճակով, պաշտպանական ֆունկցիաների որակներով: Վարակը երիկամ է թափանցում ներքին միզուղիների ու միզածորանի պատերից, արյան, ավիշի միջոցով:
Հիվանդության զարգացման մեջ մեծ նշանակություն ունի երիկամներում մեզի կանգն ու արյունատար անոթների ու ավիշի հոսքի խանգարումը: Հիվանդությունը կարող է սկսվել սուր ցավով, ջերմության բարձրացումով (մինչև 40 աստիճան), դողով, առատ քրտնարտադրությամբ, կողողնաշարային անկյան մոտ կտրուկ ցավով, ընդհանուր թուլությամբ, ծարավի զգացումով, միզարտադրության խանգարումով, մեզի մեջ թարախի առկայությամբ, գլխացավով, սրտխառնուքով, իսկ փսխումը խոսում է օրգանիզմում աճող թունավորման մասին: Քրոնիկական պիելոնեֆրիտը կարող է չբուժված կամ վատ բուժված սուր պիելոնեֆրիտի հետևանք լինել: Այն սկզբում կարող է ընթանալ առանց սուր դրսևորումների:
Հիվանդների մեծ մասի մոտ այն ի հայտ է գալիս մանկական տարիքում, հաճախ` աղջիկների մոտ: Հիվանդների 1/3-ի մոտ հետազոտության ժամանակ անմիջապես դժվար է նկատել տվյալ հիվանդությունը հաստատող ախտանշաններ: Երբեմն միայն սրացումների ժամանակ առաջացած անբացատրելի դողն է վկայում տվյալ հիվանդության մասին: Միակողմանի քրոնիկական պիելոնեֆրիտին բնորոշ են գոտկատեղի ախտահարված երիկամի կողմում բութ, մշտական ցավը:
Հիվանդների մեծ մասի մոտ միզարտադրության խանգարումներ չեն դիտվում, իսկ սրացումների ժամանակ էլ ջերմության բարձրացումը պարտադիր ախտանշան չէ: Մեզում լեյկոցիտների քանակը մեծանում է: Պիելոնեֆրիտի ժամանակ առաջարկվող սննդակարգ. ձավարեղեն, մակարոնեղեն: Կտրականապես արգելվում են ապխտած մթերքները, ընդեղենը, ծաղկակաղամբը, բազուկն ու սպանախը: Ժամանակավորապես հրաժարվեք հազարից, սոխից, սխտորից մանանեխից ու ծովաբողկից: Նախընտրելի են աղացած, կտրատած, փափկության աստիճան եփած մթերքներն ու խյուսերը: Երեխաների մոտ պիելոնեֆրիտի ժամանակ ջերմությունը կարող է շատ բարձր լինել, որն իջեցնելը նույնպես դժվարին խնդիր է:
Հիվանդության ժամանակ կարող է փորացավեր լինեն, հաճախակի ու ցավոտ միզարտադրություն, ախորժակի անկում, փսխում, անքնություն, չդադարող անհանգստություն: Հղիների մոտ նույնպես հաճախակի են պիելոնեֆրիտի դեպքերը, ինչը պայմանավորված է օրգանիզմի կենսական ուժերի ու ընդհանրապես իմունիտետի անկմամբ:
Ցիստիտ Ցիստիտը միզապարկի բորբոքում է: Այն բավականին տարածված հիվանդություն է և պատահում է բոլոր տարիքներում: Այն ևս պիելոնեֆրիտի պես ավելի հաճախ հանդիպում է կանանց, առավելապես` տարեցների մոտ, որ դարձյալ պայմանավորված է կանանց միզասեռական համակարգի անատոմիական հատկություններով: Բանն այն է, որ կանանց միզուղիները բավականին կարճ են, միզածորանը ` բավականին լայն, հեշտոցն ու ուղիղ աղիքն էլ հարևանությամբ են: Ցիստիտի առաջացմանը նպաստում են միզածորանից միզահեռացման խանգարումները, դեֆլորացիան, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը, սառեցումը, փորկապությունը, միզածորանի լորձաթաղանթը գրգռող մթերքի օգտագործումը: Շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը:
Կանանց մոտ միզուղիների ախտահարումը կապված է սեռական կյանքի հետ (հիգիենայի պահպանումը, ինչպես նաև միզապարկի դատարկումը մինչ- և հետսեռական հարաբերությունների ժամանակ նվազեցնում են վարակի մուտքի հավանականությունը): Իսկ տղամարդկանց մոտ այն կարող է առաջագեղձի (սուր և քրոնիկական պրոստատիտ), միզուղիների նեղացման, քարերի, միզափամփուշտի տուբերկուլոզի հետևանք լինել, որոնք համարվում են երկրորդային հիվանդություններ, այսինքն` միզափամփուշտի մեկ այլ հիվանդության հետևանք: Ինչպե՞ս պետք է բուժել ցիստիտը, որ այն չվերածվի քրոնիկականի: Երբեմն բավարարվում ենք մի քանի դեղահաբով, իսկ հաջորդ օրը` դարձ ի շրջանս յուր:
Հիվանդության հիմնական դրսևորումներն են` այրոցի զգացումը , հաճախամիզությունը կամ էլ մեզի բացակայությունը: Բորբոքումը կարող է գոտկատեղի ցավերի, ջերմության բարձրացման և որովայնի ներքին հատվածի ցավի պատճառ դառնալ:
Մեզի մեջ կարող են արյան հետքեր լինել: Երեխաների մոտ միզափամփուշտի բորբոքման դեպքում կարևոր դեր ունեն միզուղիների զարգացման անոմալիաները, դրանց նեղացումը: Ի դեպ, հնարավոր է, որ վարակը միզափամփուշտ անցնի արյան միջոցով: Բորբոքումը կարող է միանգամից կամ էլ աստիճանաբար զարգանալ: Այն սկսվում է միզահեռացման ժամանակ անհանգստության , այրոցի, քորի զգացումով: Տհաճության զգացումը ցայլքի շրջանում կարող է մնալ միզահեռացումից հետո էլ: Միզարտադրությունը կարող է դառնալ հաճախակի ու ու ցավոտ, իսկ մեզի քանակը` հետզհետե նվազել:
Վերջում մեզի մեջ արյան հետքեր են նկատվում: Սուր ցիստիտի ժամանակ կարող է ակամա միզարտադրություն լինել, ջերմությունը մնում է սովորական, հազվադեպ` բարձր: Վերջինս խոսում է այն մասին, որ վարակը տարածվում է միզածորանից դուրս, հաճախ` վերին միզուղիներ: Սուր ցիստիտի ժամանակ մեզում լեյկոցիտների ու էրիթրոցիտների քանակը մեծանում է: Եթե ցիստիտը չբուժվի, ապա վարակը կարող է տեղափոխվել մեկ կամ երկու երիկամ, հետևանքը` նեֆրիտի զարգացում, որն էլ իր հերթին կարող է ուրեմիական թունավորում առաջացնել:
Պատճառները. միզուղիների վարակները հաճախ զարգանում են մեզի հոսքին խանգարող խոչընդոտների հետևանքով: Դրանք կարող են լինել ի ծնե, օրինակ` նեղ միզուղիներ: Որոշ կանանց մոտ ծննդաբերությունից հետո մեզի հոսքի խանգարումներ են առաջանում: Երբ միզափամփուշտում տեղի է ունենում մեզի կանգ, օրգանիզմում առկա մանրէները սկսում են բազմանալ և բորբոքում է սկսվում: Նպատակային է կոմբինացված` սուլֆանիլամիդային ու հակաբիոտիկային դեղորայքով բուժումը: Երբեմն վարակը վերականգնվում է և հիվանդությունը երկար ընթացք է ունենում, կարող է նույնիսկ ամիսներ տևել:
Իսկ եթե պատճառը օրգանական ձևախախտման հետ է կապված, ապա սովորաբար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն: Շագանակագեղձի ադենոման, ինչպես նաև միզաքարային հիվանդությունները նույնպես կարող են քրոնիկական ցիստիտի պատճառ դառնալ:
Այս հիվանդությունների դեմ կարելի է արդյունավետ պայքարել ժողովրդական փորձված միջոցներով. – 3 լիտր կաթը եռացնել, ապա թասի մեջ լցնել դրա մի մասն ու հնարավորինս տաք ժամանակ ոտքերն իջեցնել դրա մեջ, ապա կամաց-կամաց,որպեսզի ոտքերը չայրվեն, ավելացնել մնացածը:
Այդ ողջ ընթացքում ծածկվել տաք ծածկոցով: Երբ կաթը սառչի, դնել սառնարանը` կրկին օգտագործելու համար: 3-4 անգամը բավարար է ցիստիտային երևույթները թեթևացնելու համար: -2 կարմիր աղյուս վերցնել ու կրակի վրա տաքացնել, ապա դնել դատարկ մետաղական դույլի մեջ: Դույլի եզրերին շոր գցել ու նստել վրան: Իրանի ներքևի հատվածն անհրաժեշտ է փաթաթել բրդյա ծածկոցով: Հարկավոր է դույլի վրա նստել այնքան ժամանակ, քանի դեռ աղյուսը տաք է:
Դրանից հետո հարկավոր է ներքնաշոր հագնել ու անմիջապես անկողին մտնել:
-Ամեն օր խմել երկտուն եղինջի թուրմ: Դա ոչ միայն լավացնում է երիկամների աշխատանքը, այլև վարակի հարուցիչները «լվանալով» դուրս է բերում օրգանիզմից:
-Մաղադանոսի մեկ թեյի գդալ սերմը հավանգում ծեծել, ապա մեկ բաժակ եռացրած ջրով եփել, թողնել 2 ժամ, սառեցնել, քամել ու խմել մեկ բաժակը մեկ օրվա ընթացքում:
-Սուր ցիստիտի ժամանակ պետք է դադարեցնել կոշտ սնունդ ընդունելը: Բարձր ջերմության դեպքում նույնպես հարկավոր է միայն ջուր խմել: Հրաշալի միզամուղ է վարունգի հյութը: Հարկավոր է խմել օրական երեք անգամ` մեկական բաժակ` մեկ թեյի գդալ մեղրի ու կիտրոնի հյութի հետ: Խուսափեք ռաֆինացված ածխաջրերից ու աղերից: Հարկավոր է խմել շատ հեղուկ` տաք վիճակում: Եթե փորկապություն ունեք, ուրեմն չի կարելի օգտագործել շատ թուլացնող միջոցներ, ասենք` գերչակի յուղ:
Դրա փոխարեն կարելի է օգտագործել սև սալոր, մածուն, հում կաթ, խորոված խնձոր, գազարի հյութ, թթու կաղամբ, վուշի սերմերի եփուկ:
-Դեղատնային երիցուկի մեկ ճաշի գդալ չոր ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Ընդունել մեկական ճաշի գդալ` օրական 3 անգամ ինչպես պիելոնեֆրիտի, այնպես էլ ցիստիտի դեպքում:
-Գազարը քերել և 3 ճաշի գդալի վրա ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, խմել մեկական բաժակ` օրը երեք անգամ, տաք վիճակում: