Ինչպես է տաքսիստը խմած ուղևորի բանկային հաշվից 9 միլիոն դրամ փոխանցել իր հաշվին
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի:
Տաքսի ծառայություն իրականացնող «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գևորգ Քոչարի փողոցից քաղաքացուն տեղափոխել էր բնակության վայր՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց:
Այդ ընթացքում օգտվելով ուղևորի ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և կցված բանկային հաշվեհամարից ելքագրել ու իր ազգականի բանկային հաշվեհամարին էր փոխանցել 9 միլիոն 774 հազար դրամ, ինչից հետո արդեն հափշտակած գումարը փոխանցել էր իր հաշվեհամարին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը:
էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: