Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են

Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են

Hraparak.am-ը գրում է․ Ազատ գյուղում մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը Արտյոմ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում պնդում է, որ տղաները չեն վառվել նրանց վառել են:

Նրա խոսքով բանակում անտերություն է տիրում, եւ իրենք չեն պատրաստվում ներել մեղավորներին։ Դեպքից գրեթե մեկ տարի անց ի՞նչ ընթացքում է Ազատ գյուղի գործը: Ինչի՞ արդյունքում 15 ժամկետային զինծառայող ողջ-ողջ այրվեց զորանոցում։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ազատ գյուղում զոհված Արամ Մանուկյանի պապիկի Արտյոմ Գրիգորյանի հետ:

Դեպքից համարյա մեկ տարի է անցել: Չարաբաստիկ հրդեհից մեկ տարի անց ի՞նչ է բացահայտվել:

Մեկ տարի անց ոչ մի բան: Դատարանը զուտ հետաքննություն է անում: Հարցաքննում են մեղադրյալներին: Եղիշե Հակոբյան, Գոռ Մարգարյան: Կան նաեւ ազատության մեջ գտնվողներ, որոնք հարցաքննվում են: Դեկտեմբերի 1-ին հերթական նիստն է: Տուժողներիս են հարցաքննելու, այսինքն հիմա նոր ուզում են մեր կարծիքը լսել: Խառը վիճակ է:

Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք` տուժողների իրավահաջորդներդ, դժգոհ եք գործի ընթացքից:

Դժգոհ եմ: Ո՞նց կարող եմ գոհ լինել: Քննիչներից էլ եմ շատ դժգոհ: Ստից-մտից քննում են, նույնիսկ էնպիսի բաներ կան, որ մենք ենք գլխի գցումորն է սխալ, որը՝ ճիշտ: Քննիչների ասածներն իրար չեն բռնում: Կարճ ասած չեն տիրապետում մանրամասներին: Մի տեղ ասում են` հրդեհը ժամը 11:30-ին է եղել, մի տեղ ուրիշ բան են ասում: Հատ-հատ նշել եմ, որ քննիչների ասածներն իրար չեն բռնում: Հրդեհն իրականում տեղի է ունեցել 00:40-ին: Դա էլ չեն կարողանում պարզել:

Իսկ ինչո՞ւ են նման կերպ` այդքան անփույթ քննել գործը:

Վատ են աշխատում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վարկածով են ուզում շարժվել: Փաշինյանի սուտ վարկածով: Մենք պահանջում ենք, որ դատախազն ու վարչապետը գան բացատրեն, թե ինչու են սուտ վարկած առաջ քաշում, ի՞նչն է իրենց նպատակը:

Ըստ Ձեզ ինչո՞ւ հենց դեպքի օրը Նիկոլ Փաշինյանն այդ վարկածն առաջ քաշեց, Ձեր ասելով էլ փաստորեն, ուղղորդեց իրավապահներին:

Նրա ասածը լրիվ սուտ է: 80 տոկոսով համոզված եմ, սա թուրքի ձեռքով կազմակերպված դիվերսիա է: Զորանոցը տրաքացրել են, լիքը ասկոլկեք ենք գտել զորանոցում, դիվերսիա են արել: Ասկոլկեքն արդեն քննության ենք ուղարկել: Գետնից, պատից ասկոլկեք ենք հավաքել, անգամ՝ անցքերի միջից: Փաստ է, որ զորանոցը տրաքացրել են: Սրանք էլ թաքցնում են, ասում են` հանգամանքները պարզվում են, բայց հանգամանքներն արդեն ի հայտ են եկել: Նույն օրը տագնապ են հայտարարել պոստերից, որ տղերքը զգույշ լինեն: Ուրեմն մարդիկ իմացել են, չէ՞ որ դիվերսիա է մտել: Դրանից ուղիղ 5-6 րոպե հետո կացարանը տրաքել է:

Բայց իշխանություններն ինչո՞ւ են շահագրգռված՝ թաքցնել դիվերսիայի փաստը:

Ազատ գյուղում 10-15 տնտեսություն է մնացել: Եթե իրականությունն ասեն, վիճակն ավելի կվատանա, կամ էլ թուրքի հետ համաձայնեցված են արել….

Փաստաբան Նորայր Նորիկյանի աշխատանքից գո՞հ եք:

Գոհ ենք, մեզ հետ է, ամեն ձեւով իր գործն անում է: Փաշինյանը մի անգամ նույնիսկ մեզ չընդունեց, ասաց` եթե Նորիկյանը գալիս է, ձեզ չեմ ընդունում: Նորիկյանին չեն ուզում սրանք, բայց նա լավ փաստաբան է:

Վերջին նիստում դատարանում միջադեպ տեղի ունեցավ: Տուժողների ներկայացուցիչները հարվածեցին մեղադրվող կողմի ներկայացուցչին: Ինչո՞ւ: Մանավանդ՝ եթե ասում եք, որ իրական մեղավորը նա չէ:

Եղիշե Հակոբյանը հենց սկզբից ամեն ինչ իր վրա է վերցրել, բայց սուտ է: Եղիշե Հակոբյանը մոլորություն է առաջացնում: Երեխեքը նախքան հրդեհը նստած զրուցելիս են եղել, զապիսներ էլ կան, թե ժամը քանիսին են տղաները զանգել ծնողներին, խոսել…. ո՞նց կլինի նման բան: Եղիշե Հակոբյանն ասում է` 10:40 հրդեհը եղավ, այդ դեպքում ո՞նց եղավ, որ փոքր սենյակի մեջ կրակը երեխեքին հասավ ժամը 1-ին:

Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:

Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց: Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ:

Մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում