«Կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ այստեղ իմ երեխաների համար ապագա ստեղծեմ»․ Արցախից բռնի տեղահանված

«Կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ այստեղ իմ երեխաների համար ապագա ստեղծեմ»․ Արցախից բռնի տեղահանված

Iravaban.net-ի փաստագրական նախագծի շրջանակներում  ասաց, որ 2005 թվականից ծառայել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։ Նա նշեց, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ իրենք դուրս չեն եկել Արցախից և անգամ իր երեխաներն են ականատես եղել այդ ամենին։

«Մեր տունն էլ Շուշիի մոտ էր, հենց խփում էին, ձայնը շատ լավ գալիս էր։ Փոքր ասում էր՝ մամա, իրենք են խփում, թե՞ մենք ենք խփում։ Ես ասում էի՝ բան չկա, մի վախեցեք, բայց իրենք ամեն ինչ տեսել են։ Երեք տարի, որ ապրել ենք, վախ կար, բայց նաև հույս էլ կար, որ ամեն ինչ լավ կլինի։

Հանձնված հողերը կվերադառնա մեզ, լավ կլինի։ Անգամ մինչև վերջին պահը մենք հավատում էինք, որ լավ է լինելու, այսպես չի վերջանալու»,-ասաց նա։

Լիանան ժպիտով է հիշում շրջափակման օրերը։ Ասում է՝ հիմա մի ուրիշ ջերմությամբ ենք հիշում այդ օրերը․ «Թե ոնց ա դա մեզ համախմբել, միացրել, թեկուզ գիշերը ժամը երեքին, չորսին հացի հերթեր էինք գնում, որ հաց գնեինք»։

Նա ասում է, որ տեղի ունեցածը մեծ աղետ է եղել, մեծ կորուստ։

«Մենք ամբողջ կյանքում չենք կարող ուշքի գալ, ինչքան էլ փորձենք, ինչքան էլ հավաքենք մեզ։ Այստեղ ենք երեխաների համար»,-ասում է Լիանան։

Նրա խոսքով արցախցին ուրիշ մարդ է․ «Ես չեմ ասում՝ լավն է կամ վատն է, բայց ուրիշ է, բոլորից տարբերվում է։ Էական չի, թե քանի տարի է, որ դուրս է եկել Արցախից, եթե մեջը արցախցու արյուն կա, մեկ է ինքը արցախցի է, դա չի փոխվի։ Իմ երեխան այնտեղ է ծնվել, ուրեմն Արցախն իմ կեսն էր, ես իմ կեսը թողեցի։ Իմ սրտի կեսը մնացել է այնտեղ»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով արդբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրմանը, նա ասում է, որ չի էլ փորձի, որովհետև չի հավատում թշնամուն։

«Չեմ հավատում, չեմ կարող փորձել իրենց հետ ապրել»,-ասում է նա ու նշում, որ նաև միջազգային հանրությունից որևէ ակնկալիք չունի։

«Ղարաբաղի հարցը հիմա չէ, վաղուց պետք է լուծեին։ Չպետք է սպասեին, որ 120 հազար հայ մնար առանց տուն»,-ասում է Լիանան։

Մեր զրուցակիցը նշում է, որ ուզում է, որ իր երեխան հայ մեծանա, հայերի մեջ մեծանա։

«Ես կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ այստեղ իմ երեխաների համար ապագա ստեղծեմ»,-ասաց նա։

Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում