Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած զինվորներին
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Արամ Աղաջանյանն աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
«Այնքան էլ գոհ չեմ արդյունքիցս. մրցումներից մի փոքր առաջ ուսի վնասվածք էի ստացել, ինչը խանգարեց ինձ ցույց տալ այն, ինչին ունակ եմ: Հուսով եմ՝ հաջորդ անգամ կստացվի չեմպիոն դառնալ:
Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչներին՝ Վովիկ Խոջայանին, Հայկ Ավետիսյանին, Էռնեստ Միրզոյանին, քանի որ իմ այս նվաճման մեջ իրենց ներդրումը շատ մեծ էր:
Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին ու սահմանին ամուր կանգնած զինվորներին: Անբացատրելի զգացողություններ ենք ունենում հարազատ պատերի ներքո մրցելիս և մեդալ նվաճելիս: Երկրպագուներն ինձ շատ օգնեցին ու նպաստեցին իմ հաջողությանը:
Հուսով եմ՝ կարողացա ուրախացնել նրանց»,- ասել է Արամ Աղաջանյանը: