«Հայաթում ընկա ու գոռացի՝ Մառլենս էլ չկա»․ զինծառայողը պատրաստվում էր ամուսնանալ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մառլեն Հարությունյանը բանակից զորազրվելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել զինված ուժերում։ Այս մասին գրում է Iravaban.net-ը։
«Խելացի տղա էր։ Երազում էր, որ լավ ապրի, լավ կյանքով ապրի ու ամեն ինչ ունենա։ Մառլենս, որ բանակից եկավ, մեր գյուղում հացի փուռ բացեցին։ Ես հաց էի թխում, տղաս էլ առաքիչ էր աշխատում։ Հացը տանում էր մարդկաց տուն, դնում էր սեղանին ու գումարը չէր վերցնում։
Հետո գալիս ասում էր՝ մամ ինձ փող կտաս, իմը կորցրել եմ։ Հետո իմացա, որ ամաչել է վերցնել այդ 200 դրամը»,-պատմում է մայրը՝ Էլմիրա Այվազյանը։
Հայրը՝ Արտուշ Հարությունյանը, պատմում է, որ երբ տղան անցել է պայմնագրային ծառայության, շուրջ 10 օր անց սկսվել է պատերազմը։
«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին, ասաց՝ ես լավ եմ, դուք ձեզ լավ պահեք, լավ մնացեք։ Շատ մարդիկ են եղել, որ վախենալով են գնացել, բայց ինքը վախ չի ունեցել»,-նշում է հայրը։
Ընկերները պատմում են, որ նա ուրախ է մեկնել մարտի դաշտ։ Տեղեկություններ ունեն, որ Մառլենը ճանապարհներից նուռ է քաղել տղաների համար։ Մառլեն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում