Հայտնի է Բաքվում պահվող հայ գերիների թիվը

Հայտնի է Բաքվում պահվող հայ գերիների թիվը

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, նրանց թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ։

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա՝ սա ընդամենը պաշտոնականացված գերիների թիվն է, սրանից զատ՝ Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք։

«Գերեվարվածների խումբը գտնվում է պաշտպանվածության ավելի բարձր աստիճանում, քանի որ առնվազն գերեվարման հանգամանքները հաստատվել են, իսկ մյուս խմբի առնչությամբ տեղաշարժ չկա, և դեռևս 2021 թվականի գարնանից չեն արձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց»։