Հայրենիքի կորստին զուգահեռ՝ Աննան ևս 3 հարված ստացավ
MediaHub-ի հետ զրույցում Աննան պատմեց, որ տանը «նեղ օրվա համար պահած» վառելիք կար, բայց այդ օրը շրջադարձային էր։ Հայրենիքի կորստին զուգահեռ, երիտասարդ տարիքում միանգամից 3 հարված ստացավ։
Անդրեյի ու Աննայի ընտանիքը՝ 2 զավակներով ապրում էին Ստեփանակերտում։ Սովորական արցախցու համեստ կենցաղ էին վարում։ Երջանիկ էին ունեցածով։
Արցախի պաշարման ժամանակ ինչպես բոլորը, ամուսինները ևս հաղթահարել են բազում դժվարություններ, բոլորի պես մտածել, որ շուտով ճանապարհը կբացվի, Հայաստանի ու աշխարհի հետ կապը կվերականգնվի։ Բայց անսպասելին տեղի ունեցավ։
Համակերպվել հայրենիքը լքելու, տարիների ստեղծածը կորցնելու հետ՝ հնարավոր չէր, բայց փրկվել էր պետք։ Ընտանիքը երջանիկ էր մինչև այն պահը, երբ Ստեփանակերտի մերձակայքում՝ վառելիքի պահեստում պայթյուն տեղի ունեցավ։
«Սարսափելի օր էր սեպտեմբերի 25-ը, դատարկվող քաղաքի ֆոնին պայթյունը շատ երիտասարդների կյանքեր խլեց, փշրեց նաև մեր սրտերը։ Մինչ այսօր Անդրեյից որևէ տեղեկություն չունեմ, միայն գիտեմ, որ մեզ համար չէր հայտնվել այդ աղետի վայրում։
Ե ՛վ Ստեփանակերտում, և՛ այստեղ Հայաստանում հրաշքի սպասումով նայել ենք բոլոր հիվանդանոցները, ԴՆԹ թեստ ենք հանձնել, Անդրեյի ու եղբորս մասով առայժմ պատասխան չկա։ Ամեն դեպքում հույսս չեմ կորցնում, սպասում եմ, որ հիմա դուռը կբացվի, կգան։ Այդ օրը կրակի բաժին դարձավ նաև քրոջս ամուսինը՝ Սերգեյը, նրա մահն արձանագրվել է հիվանդանոցում։ Շատ ծանր բան է հարազատ կորցնելը։ Հիմա մնացել եմ առանց հենարանի, առանց թևերի»,- պատմում է Աննա Աղայանը։
Ամենադժվարն Աննայի համար երեխաների հարցերին պատասխանելն է։ Փոքր չեն, շատ բան են հասկանում կյանքից, բայց միևնույն է հարցնում են՝ որտե՞ղ է պապան։ Հանուն երեխաների Աննան չի թուլանում։ Երեխաներին տեղավորել է Երևանի դպրոցներից մեկում, ինքը ևս ընդունվել աշխատանքի։ Բայց, ամուսնուն սպասելու մտքերը հանգիստ չեն տալիս։
«Ոչ ոք չի պատկերացնի, թե ինչպես անցանք Ստեփանակերտից Երևան դժոխային ճանապարհը։ Այդ ժամանակ գոնե հույս ունեի, որ Անդրեյը, եղբայրս ու քրոջս ամուսինը դեռ կգտնվեն։ Օր օրի մարում են և՛ Անդրեյի, և՛ եղբորս ողջ մնալու սպասումները, փոխարենը քաղցրանում է մեր միասին ապրած լավ ու վատ օրերի հիշողությունը»,- պատմում է Աննան։
«Ի՞նչու փոխվեց իմ կյանքը, էս ի՞նչ ճակատագիր բաժին հասավ ինձ». այս հարցերը հաճախ է ինքն իրեն տալիս Աննան, հիշում, որ ընդամենը ամիս ու կես առաջ հայրենի քաղաքում էր, շրջապատված ընտանեկան սիրով ու ջերմությամբ, կարևորը՝ բացականեր քիչ կային, ինքն էլ գոհ էր իրեն բաժին հասած ճակատագրից…