Հրդեհ է բռնկվել Էջմիածնում հայտնի «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2 կանչ», որից հետո ժամանել են թիվ 27 և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել ու մեկուսացրել այն։
Պարզվել է, որ այրվել է փայտե տանիքը մոտ 200 քմ և մոտ 70 քմ դահլիճի փայտե պատը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդանուշ Միրզախանյանն ու Սեդրակ Մելիքյանը։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։