Մամուռից ջուր ենք քամել խմել` չպատկերացնելով, որ կթունավորվենք. 4 օր սարերով ենք շարժվել. հրաշքով ողջ մնացածները
«Ժամը 13։15 զանգը հնչեց, մտա աշխատասենյակ․ հրաման կար, պետք է մուտքագրեի։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Էդ պահին Մարտակերտից զանգեցին, թե՝ էստեղ կռիվ ա գնում․․․Դուրս եկա ու փոխտնօրենին ասացի երեխաներին անմիջապես տուն ուղարկեք։ Իմ՝ շենքից դուրս գալու պահին Չափարի ու Չարեքթարի վրա ընկան առաջին սնարյադները։
Վազելով մտա տուն, զինվորական համազգեստս հագա, զենքս վերցրեցի ու իջա գյուղամեջ, որ տեսնեմ՝ ոնց ենք ինքնակազմակերպվում, որ հասնենք տղաներին»,-սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակմանը հաջորդած զարգացումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ, դպրոցի տնօրեն Արմեն Գասպարյանը։
Մինչ այդ, Գասպարյանի որդին արդեն դիրքեր էր հասել։ Չարեքթքարի դիրքեր բարձրանալու նրա առաջարկը չի ընդունվում գյուղի տղամարդկանց՝ այդ թվում գյուղապետի կողմից, փոխարենը որոշվում է, որ իրենց գյուղի տարածքում պիտի դիրքավորվեն։
Գասպարյանը, համոզված լինելով, որ անօգուտ է այդտեղ դիրքավորվելը և ավելի քան վստահ լինելով, որ թշնամուն պետք է թույլ չտալ իր զբաղեցրած դիրքից առաջ գալ, շտապում է Չարեքթքար, որտեղ 2020թ․-ի պատերազմից հետո բլոկ-պոստ էր դրվել, այսինքն՝ շփման գիծն էր անցնում։
«Որդիս էդ կողմերում էր արդեն։ Հաթերքի գումարտակից մի խմբի հետ շտապօգնության մեքենայով շարժվեցինք դեպի Չարեքթար։ Ինձ հետ եկավ նաև մեր մոտի ռուսական հենակետի հրամանատարը։
Հասել էինք համարյա գյուղ, էս տղան’ ռուսների հենակետի հրամանատարը, իջավ մեքենայից, նստեց իրենց БТР-ը, որ էդ պահին Չարեքթարից իջնում էր, ու հետ գնաց Գետավան։ Ես կարողացա մինչև Չարեքթարի սկզբնամասում տեղակայված դիրքեր հասնել․ առաջանալ անհնար էր արդեն, թեժ մարտեր էին։
Էդտեղ կռվողներն էլ ասացին, որ դիրքը, որտեղ տղաս է, անհնար է հասնել։ Միացա պաշտպանությանը հենց էդ հատվածում։ Ադրբեջանցիները փորձում էին Չարեքթարն անցնել ու մտնել Գետավան։
Շուրջ երեք ժամ դիմակայեցինք, կարողացանք կանխել առաջխաղացումը։ Տանկերով էին գրոհում հիմնականում։ Էդ ընթացքում կապ են տալիս, որ մեր դիմացի դիրքերի տղաները շրջափակման մեջ են․ տղաս էլ էր իրենց մեջ․․․
Դիրքում, որտեղ ես էի, 7 հոգի կային․ որոշեցինք մի կերպ դիմադրել, մինչև գյուղը գոնե տարհանեն։ Մեկ էլ գյուղի սկբնամասում գտնվող մի տան վրա խփում են, ահավոր փոշի է բարձրանում․ հասկանում եմ, որ ուզում են թիկունք անցնել։ Տղաներին զգուշացնում եմ, որ ուշադիր լինեն։
Սրանցից (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) թե քանիսն են անցնում ճանապարհն ու թիկունքային հատվածում դիրքավորվում, չի երևում, բայց մի 16-17 հոգու վերացնում ենք։ Արդեն երեք կողմից շրջապատել էին մեզ, մնում էր մի ճանապարհ, որտեղով հնարավոր էր դուրս գալ։
Կապ ենք տալիս, որ հասկանանք կողքի դիրքերում ինչ վիճակ է․ պարզվում է, որ մերոնցից արդեն մարդ չկար․ բլոկ-պոստի տղերքը լրիվ զոհվել էին’ բացի մեկից, մյուս դիրքերից էլ մի մասը զոհվել, մյուսներին էլ հաջողվել էր շրջափակումից դուրս գալ։ Որոշում ենք էդ միակ ճանապարհով՝ սարերով դուրս գանք, քանի որ 7 հոգով անհնար էր որևէ լուրջ գործողություն անել»,-պատմում է չորս պատերազմների մասնակիցը։ Բայց նախ պայթեցնում ենք Չարեքթարից Գետավան անցնող կամուրջը։
Գասպարյանի՝ տեղանքին քաջածանոթ լինելը, ինչպես ցույց է տալիս ընթացքը, ճակատագրական նշանակություն է ունենում նրա ու հետը գտնվող զինծառայողների համար։
Գետավանից կապ են տալիս, որ Չարեքթքարից թիրախարել են գյուղը, «Գրադ»-ով խփում են անդադար ու արդեն մոտենում են իրենց։ Գիշերվա ժամը 1-ին թշնամին արդեն Գետավանն էլ է վերցնում։
«Դե, արդեն հասկանալի էր, որ լրիվ շրջափակման մեջ ենք։ Տղերքին ասում եմ’ ինչքան կարողացանք, պիտի սարերով հեռանանք։ Հինաս կոչվող տեղամաս ունենք․ կապ են տալիս, թե մերոնցից մի խումբ դրա մոտ է․ պայմանավորվում ենք, որ դրա ներքեւով անցնող ճանապարհին միանանք իրար։
Մի 200 մետր էր մնացել, որ հասնենք, մեկ էլ նորից կապ են տալիս, թե’ հետ գնացեք, թուրքերը հասել են ճանապարհին։ Նորից փոխում ենք ուղղությունը՝ ժայռերով դեպի «Ղալա» բերդ ենք շարժվում։
Գիշերվա ժամը երեքն էր մոտավորապես։ Քանի որ լապտերի լույսի վրա անօդաչուներն անմիջապես թիրախավորում էին, մթության մեջ պետք է կողմնորոշվեինք։ Չենք նկատում, որ ժայռը կտրվածք ունի․ գլորվում ենք․ տղաներից մեկի աչքը լուրջ վնասվում է․ կապում ենք ու շարունակում, ճար չունեինք»,-անցած փորձությունները վերհիշում է ազատամարտիկը։
Շրջափակումից դուրս գալու համար Գասպարյանն ու հետի վեց տղաներն ամսի 19-ից մինչև 23-ը սարերով են շարժվում։ Քանի որ արդեն ոչ մի կապ չկար՝ ռացիայի մարտկոցը նստել էր, բջջային կապ էլ չկար, ոչ էլ սնունդ ու ջուր ունեին, պետք էր մի կերպ դիմանալ։ Գասպարյանն առաջարկում է քարերի մամուռի վրա նստած եղյամից ջուր քամել, որ ծարավը մի քիչ հագեցնեն։
«Չգիտեի, որ էդ մամուռը թունավոր է․ խմում ենք ու էլ հետ տալ, էլ արյունահոսություն․ ստամոքսի խոց ունեմ, բացվում է․․․ Ամսի 24-ին նորից կապ են տալիս, թե Չափարում մի խումբ կա մերոնցից, գյուղի տարածքում էլ ադրբեջանցի չկա։ Գնում ենք դեպի Չափար։ Մինչ այդ, երեք ադրբեջանցու են լինում գերի վերցրած գյուղում գտնվող մեր տղաները, բայց հրամանատարությունից ասում են, որ բաց թողնեն։ Սրանք էլ գնում, իրենց վերևներին հաղորդում են, որ մենք գյուղում ենք։
Մեկ էլ կեսօրն անց մի 15-20 տեխնիկա է մոտենում Չափարին։ Դիրքավորվում ենք, չնայած արդեն զինամթերք չունեինք։ Սրանք գալիս են գյուղի ներքևի հատվածում կանգնում ու էլ առաջ չեն գալիս․․․ Հետո ռուսների հրամանատարը՝ մեր կողմի հենակետի, ասում է, որ արդեն պայմանավորվածություն կա, պետք է մերոնք իջնեն դիրքերից, զենքերը հանձնեն․․․
Ամեն ինչ արդեն պարզ է դառնում … Էդտեղ սպասում ենք էնքան, մինչև Հաթերքից էլ են իջնում, զենքերը հանձնում ենք ու կալոնայով դուրս գալիս դեպի Ստեփանակերտ․․․․»,-պատմում է Գասպարյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում