Մայրը երեխային քնեցնելուց կարճ ժամանակ անց հայտնաբերել է նրա անշնչացած մարմինը

Մայրը երեխային քնեցնելուց կարճ ժամանակ անց հայտնաբերել է նրա անշնչացած մարմինը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 02:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս խոշորացված համայնքի գյուղերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել է երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված հասցե են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Անտոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ՝ 2 ամսական աղջիկ է, ում մայրը՝  19-ամյա Սառա Օ.-ն, ոստիկաններին ու բժիշկներին հայտնել է, որ ինքը նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում երեխային կերակրել է և քնեցրել իրենց սենյակում գտնվող մանկասայլակի մեջ: Ժամը 01:40-ին արթնացել է և տեսել, որ աղջնակը մահացած է:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է սպանության հատկանիշներով քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։