Միքայելը երազ է տեսել, որ պատերազմ է սկսվելու․ երկու եղբայր գնացել են

Միքայելը երազ է տեսել, որ պատերազմ է սկսվելու․ երկու եղբայր գնացել են

44-օրյա պատերազմում է զոհվել Միքայել Բաբախանյանը։ Ընտանիքի 3-րդ որդին ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին։ Այս մասին գրում է Iravaban.net-ը։

Մոր՝ Լաուրա Գևորգյանի բնութագրմամբ՝ նա եղել է շատ հայրենասեր ու աշխատասեր երիտասարդ։

Միքայելը ծառայել է 2016-2018 թվականներին։

«Բանակ էլ գնաց։ Փառքով ծառայեց։ Մի անգամ չի տրտնջացել։ Բամբասանք է եղել մեր բանակի մասին, թե սոված են եղել, ծարավ են եղել կամ մերկ ու առանց վարտիքի են եղել։ Նման բան չի եղել։ Ծառայել է ուրախ, անհոգ ու կատարել է սերժանտի իր պարտականությունները»,-ասում է Միքայելի մայրը։

Միքայելը սեպտեմբերի 29-ին է մեկնել՝ մասնակցելու հանուն հայրենիքի մղվող պատերազմին։

Մայրը պատմում է, որ մինչև պատերազմի սկսելը որդին երկու անգամ երազ է տեսել, որ պատերազմ է սկսվելու։ Երբ իմացել է լուրը շտապել է մեկնել մարտի դաշտ։ Միքայելին մենակ չի թողել ավագ եղբայրը՝ Սարգիսը։ Նախապես որոշել էին՝ երկուսով պետք է գնային։

«Սեպտեմբերի 19-ին զանգ ստացան, որ պետք է գնան պատերազմ։ Ուշ ժամ էր, արագ լողացան ու ասացին՝ մամ, պետք է գնանք հենց հիմա։ Գնացին․․․։ Համբուրեցի երկուսին, Միքայելը գնաց դեպի մեքենան, հետո ետ դարձավ, նորից ինձ նայեց, ասացի՝ արի-արի Միք ջան, մի հատ էլ համբուրեմ։ Ինքն ինձ հրաժեշտ տվեց, ես չհասկացա։ Քարվաճառի հրետանիում են եղել։

Ահավար հրետակոծության տակ են եղել։ 13 օր կռվեցին։ Չէին ասում, թե որտեղ են։ Սարգիսն ասում էր՝ մամ, մտածում էինք, որ մի օր էլ ողջ մնանք, որովհետ ահավոր հրետակոծությունների տակ էին»,-պատմում է տիկին Լաուրան։

Եղբայրները նույն դիրքում են եղել, բայց իրարից հեռու։ Հոկտեմբերի 13-ին Միքայելը գնացել է մեծ եղբոր մոտ։ Եղբայրը նրա համար հաց է տաքացրել ու կերակրել, հետո իրար հրաժեշտ են տվել, բայց կարճ ժամանակ անց Միքայելը վերադարձել է և հենց այդ պահին արկ է ընկել։

«Այդ հետ գալը դարձավ ճակատագրական։ Շատ քիչ է եղել երկու եղբայրների հեռավորությունը։ Միքայելը կես մետրի բախտ չունեցավ»,-ասում է մայրը։