«Մի օրում համ երեխաներին տարան, համ հայրենիքը»․ տիկին Ալլայի երկու որդիները զոհվել են մի քանի ժամի տարբերությամբ

«Մի օրում համ երեխաներին տարան, համ հայրենիքը»․ տիկին Ալլայի երկու որդիները զոհվել են մի քանի ժամի տարբերությամբ

Forrights.am-ը գրում է․ Տիկին Ալլան երկու որդիների՝ Արսենի և Սամվելի, վերջին խոսակցությունն է մեջբերում։ Տղաների վերջին նամակագրությունը սեպտեմբերի 19-ին էր՝ ադրբեջանական հարձակման առաջին րոպեներին։

-Արսեն, էդ ի՞նչ ձայն էր։

-Ախպեր, Ասկերանի վրա են խփում։

-Ի՞նչ ես անում։

-Ոչ մի բան, պոստի ենք։

-Դե ուշադիր կլինես։

-Դու էլ, ախպեր։

Հյուրասենյակի ճակատային հատվածում դրված սեղանին Արսենի և Սամվելի լուսանկարներն են և իրեր,  ինչը հնարավոր է եղել փոխանցել մորը։

Տան պատերին  մոր և տղաներին ժպտերես լուսանկարներն են՝ երջանիկ օրերին արված։ Հիմա տիկին Ալլան մնացել է միայնակ, որդիներին լավ ու վատ օրերի հիշողություններով։ Ցավը 38-ամյա կնոջը դարձրել է անճանաչելի՝ մինչ պատերազմն արված լուսանկարներում իրեն «գտնելն» անհնար է, եթե ինքն այդ մասին չի ասում։

«Պատկերացրու, որ բլոկադայի ամսիներն ամենաերջանիկն էին, ոչինչ չկար, բայց երեխաները կային»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է նա ու սրբում աչքերը։ Արսենն ու Սամվելը զոհվել են մի քանի ժամի տարբերությամբ։

Եղբայրները պայմանագրային զինծառայողներ էին։ 21-ամյա Սամվելը ծառայում էր Եղնիկներում, 19-ամյա Արսենը՝ Դրմբոնի զորամասում։ «Նույնիկս 20 տարեկան չկար, նոյեմբերին 5-ի 20 տարեկան դարձավ»,- հեկեկում է մայրը։

Մայրը Սամվելին սեպտեմբերի 14-ին  էր սպասում տանը, պետք է դիրքերից իջներ։

«Չիջավ, ասացին՝ համար մեկ է, փոխարինող չկա, ամսի 15-ին էլ զանգեցին Արսենին տարան ու տարան, 19-ին էլ կռիվը սկսվեց՝ ոչ մեկը չիջավ։

Արսենի հետ ոչ մի ձև չեմ կարողացել խոսել, առաջին խփելուց էլ չեմ կարողացել խոսել, անհասանելի էր, բայց Սամվելի հետ ամսի 19-ին՝ երեկոյան մինչև 8:10 խոսել եմ, այդ պահին իրենց գումարտակի վրա ԱԹՍ-ներ էին բարձրացել, կապերը կտրվեցին, էլ չկարողացա խոսել»,-մայրը հիշում է՝ թեժ կետում գտնվող Սամվելը վերջին զանգի ընթացքում եղբորից է հետաքրքվել, բազմաթիվ հարցեր տվել ու վերջին անգամ հուսադրող խոսքեր ասել։

«Անընդհատ ասում էր՝ մամ, իմ տեղը լավ է, դու միայն Արսենին գտի, իմ մասին մի մտածի։ Մեկ ժամ հետո զանգեց, հարցրեց՝ Արսենից խաբար ունե՞ս, ասացի չէ, ասաց՝ չլացես, հարցրեցի՝ խի՞, ասեց ինքը չի կորի, ինքը կգա։ Ձայնը շատ տխուր էր, հարցրեցի՝ Սամո, բան է եղե՞լ, պատասխանեց՝ սրանից վատ էլ ինչ լինի։ Էլ դրանից հետո էլ չեմ կարողացել խոսել, կապ չի եղել։ Ասում են, որ ինքը իմացել է եղբոր մասին։ Սամվելը կոտրվող տեսակ չէ, ինքը միշտ լավատես էր՝ անգամ ամենավատ պահին»։

Սա վերջին խոսակցությունն է լինում։ Որդիների հետ այդպես էլ չի կարողանում կապի դուրս գալ։ Մի քանի օր շարունակվող անորոշությանն ընդհատում է ցավալի լուրերը։

«Պապայի հետ գնացի հիվանդանոց, պապան ցուցակները նայեց, լացելով եկավ։ Իջանք մորգ, տեսա Սամվելս այնտեղ է։ Արսենից նորություն չկար։ Սեպտեմբերի 21-ի առավոտյան Սամվելի դիակն են բերում, իսկ Արսենից ոչ մի տեղեկություն չկար։ 27-ի երեկոյան ԱԻՆ-ի աշխատողները մտել էին Ջինգաթաղ գյուղի պոստերը, գտել էին։

Արսենից էլ, որ գտել են «ՊԵԿԱ»-ն ձեռքին է եղել։ Սամվելի մոտի տղեքից մեկը եղբորս հետ են խոսել, ասում էին, որ շատ ճարպիկ էր, մեր մեջի ամենափոքրն էր, բայց ախպոր խաբարը, որ լսել է, իրեն կորցրել է։ Մի օրում համ երեխաներին տարան, համ հայրենիքը տարան, համ հողերը տարան»։