Մուզիկան միացրած մեզ ձեռ էին առնում, որ յանի գնացեք, հաջող ձեզ․ Ձեռքերի զզվելի շարժումներ էին ցույց տալիս
Forrights.am-ը գրում է․ Խաչատրյանների ընտանիքը 2019 թվականին Հայաստանից տեղափոխվել է Արցախ, Մարտակերտի Մոխրաթաղ գյուղ ու հաստատվել այնտեղ, սակայն 2023-ի սեպտեմբերին ստիպված են եղել թողնել տուն-տեղ, անասնաֆերման ու ամբողջ հարստությունը և բռնի տեղահանվել Հայաստան։
«37 հազար դոլարի ունեցվածք ունեինք, 6-7 տարի զրոյից տուն ստեղծեցինք, կով ունեցել ենք, ոչխար ունեցել ենք, խոզ ունեցել ենք, ինկուբատոր ունեցել ենք։ Իմ տան փոքր երեխեն որ զարթնել ա, աշխատել ա», -ասում է Աղավնի Խաչատրյանը։
40-ամյա Աղավնին 6 երեխա ունի՝ 5 տղա, մեկ աղջիկ, որոնցից միայն մեկն է չափահաս։ Բազմանդամ ընտանիքն անցել է Արցախի շրջափակման ծանր ու հետո բռնի տեղահանման մղձավանջային օրերի միջով։ «Մի օր տունը աման էի լվանում, մեկ էլ կրակոցներ եղան, բայց շուտ դադարեցին։
Հաջորդ օրը դրանք ավելի շատ եղան, սեպտեմբերի 19-նն էր։ Էլի հույս կար, որ կդադարեր։ Գոնե սովին ու ամեն նեղության համաձայն էինք, մենակ էդ կռիվը դադարի։ Բայց չէ, ի՞նչ դադարել․ մեր գյուղապետը հայտարարություն տարածեց, որ ժողովուրդ, գյուղը լքում ենք։ Դա մեզ համար շատ ծանր էր», -արցունքները չի զսպում Աղավնին։
Սկսել են տեղահանման պատրաստությունը անսարք վիճակում գտնվող երեք մեքենաներից մեկը հազիվ աշխատացրել են, մի կերպ բենզին գտել ու ճանապարհ ընկել․ «Աստծո հույսին ճանապարհ ընկանք։ Շատ վատ մեքենա էր, երկար ճանապարհ չէր գնում, հույս չունեինք, որ տեղ կհասնենք, բայց Աստված մեզ օգնեց, հասանք Ստեփանակերտ։ Ստեղ մի կերպ բենզին գտանք ու նորից ճանապարհ ընկանք։
Շարժվել ենք անհույս, շատ վատ վիճակում ու սոված։ Մի քիչ կարտոշկա էինք վերցրել, մտածում էինք՝ ճանապարհին կկանգնենք, մի բան կսարքենք, ուզեցինք ձեթ գտնել, վերջին պահին մի շիշ ձեթը մեր վրա 3000 դրամով ծախեցին»։
Կինը հիշում է՝ երբ հեռանում էին գյուղից, վերջին պահին տարածքը լցվել է ադրբեջանցիներով։ Ասում է՝ չեն նեղացրել, բայց հեգնել են, հայհոյախառն արտահայտություններով ծաղրել հեռացող արցախցիներին։
«Մուզիկան միացրած մեզ ձեռ էին առնում, որ յանի գնացեք, հաջող ձեզ։ Ձեռքերի զզվելի շարժումներ էին ցույց տալիս։ Մենք ուշադրություն չենք դարձրել ու երեխեքին էլ ասել ենք՝ հանկարծ պատասխան ձեռքեր ցույց չտաք։ Երեխեքին ասեցի՝ պատասխան հայհոյանք որ ցույց տաք, մեզ համար ոչ մեկ պատասխան չի տալու», -ասում է Աղավնի Խաչատրյանը։
Ամենատհաճը Հակարիի անցակետն անցնելն է եղել․ «Չար հայացքով ընենց էին նայում․․․ամուսնուս ու տեգորս իջացրել են, զենքերը պահել մեքենայի վրա, երեխեքն էլ մեջը։ Ստուգեցին տղամարդկանց ու բաց թողեցին։ Հենց անցակետն անցանք, ես հանգստացա»։