Մութ պատմություն, որը 15 զինվորի կյանք խլեց. Ծնողները պաշտոնական վարկածին չեն հավատում

15 զինծառայողի կյանք խլած Գեղարքունիքի  մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից 1 տարի է անցել, զոհված 15 զինծառայողների ծնողները դժգոհ են և՛ նախաքննությունից, և՛դատաքննությունից։

Նրանք կասկածներ ունեն, որ քննվող պաշտոնական վարկածը կեղծ է, և իրական դրդապատճառները թաքցվում են ընդհուպ վարչապետի մակարդակով։ Գործն այժմ դատաքննության փուլում է, հարցաքննվում է գործով վկաներից Լևոն Խառատյանը,  որը, ըստ ծնողների, խեղաթյուրում է փաստերը։

20-ամյա Հայկ Կիրակոսյանը հունվարի 24-ին պետք է զորացրվեր։ Վարդենիսի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհը, սակայն, ընդհատեց նրա ու ևս 14 զինծառայողի կյանքը։

Կիրակոսյանների ընտանիքում մեկ տարի է՝ սուգ է։ Ծնողները մինչև հիմա որդու զոհվելու լուրից ուշքի չեն գալիս։

Ծնողները News.am-ին պատմում են, որ Հայկը հունվարի 18-ի գիշերը հերթապահությունը հանձնել է ծառայակցին, ու գնացել քնելու, զանգել է հորը, հետո ընկերուհու հետ խոսել, թե ինչ է տեղի ունեցել հետո, մինչեւ հիմա առեղծված է ինչպես Հայկի, այնպես էլ 14 զինծառայողների ընտանիքների համար։