Նոր Նորքում շները հարձակվել են կնոջ վրա

Նոր Նորքում շները հարձակվել են կնոջ վրա

Վերջին շրջանում հաճախակի են դարձել շների հարձակման դեպքերը։ Oragir.News-ին ահազանգած Նոր Նորքի Մոլդովական փողոցի բնակիչներից մեկը պատմեց, որ երեկ մի քանի շուն հարձակվել են իր վրա, բարեբախտաբար չի տուժել։

«Առավոտյան 10։00-ին աշխատանքի էի գնում, 2 շենք այն կողմ գազազած շների ոհմակը հաչալով դեպի ինձ եկավ, վախից գոռում էի, շենքի բնակիչներն օգնության հասան»,- ասաց կինը։

Նրա խոսքով՝ վնասվածքներ չի ստացել, սակայն այնքան է վախեցել, որ ինքնազգացողությունը վատացել է․ «Եթե որդուս ընկերներն ու տարածքի բնակիչները օգնության չգային, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ։ Մի պահ վախից քարացել էի, սիրտս վատացավ։ Երեկվանից մի քանի անգամ դեղ եմ խմել, սակայն դեռ ուշքի չեմ գալիս»։

Կինն ասաց, որ փորձել է կապ հաստատել պատկան մարմինների հետ, որպեսզի գան ու գազազած շներին տեղափոխել այլ տարածք, բայց իր զանգերն անպատասխան են մնացել․

«Նոր Նորքի թաղապետարան եմ զանգել, քաղաքապետարան, թեժ գծեր, ոչ ոք զանգերիս չպատասխանեց, մարդ վախենում է տանից դուրս գա, այս հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի, քանի դեռ այս տարածքում դժբախտ դեպք չի եղել»,- եզրափակեց նա։