Նուբարաշենում հանցագործը բռնվելու պահին նռնակ է պայթեցրել
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 37-ամյա Մեսրոպ Գևորգյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 6-ին՝ Նուբարաշենի իր բնակարանում, առանձնակի դաժանությամբ 41-ամյա Աստղիկ Մկրտչյանին սպանելու մեջ:
Սպանությունից հետո նա դիմել էր փախուստի, սակայն նրան ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցալյանի և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզի Գրիբայեդով գյուղում՝ վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել էին, որի ժամանակ նա պայթեցրել էր մարտական նռնակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Գևորգյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկ: