Շահրամանյանը Երևանում հանդիպումներ է ունենում. ինչ է կատարվում Արցախի ներկայացուցչությունում

Շահրամանյանը Երևանում հանդիպումներ է ունենում. ինչ է կատարվում Արցախի ներկայացուցչությունում

Factor.am-ը գրում է․ Այսօր առավոտից ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում էին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, նախկին և ներկա պաշտոնյաներ։

Այստեղ էին գալիս նաև բռնի տեղահանված արցախցիները։ Թե Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանն ու այլ պաշտոնյաներ ինչո՞վ են զբաղված Արցախին առնչվող միակ գործող կառույցում, հնարավոր չեղավ պարզել։ Լրագրողների մուտքը շենք արգելված է։

Շենքի բակում Արցախի պետհամարանիշերով մի քանի ավտոմեքենաներ էին կայանված, որոնք, հավանաբար, սպասարկում են Արցախի դեռևս գործող նախագահ Սամվել Շահրամանյանին։

Factor TV-ի նկարահանող խմբի՝ այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում կառույց ելումուտը չէր դադարում։ Բայց պաշտոնյաները, որոնց մենք հանդիպում էինք, հրաժարվում էին հարցերի պատասխանել։ Ադրբեջանի հարձակումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 18-ին Արցախի պետնախարար նշանակված Արթուր Հարությունյանը, որն Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին է, հրաժարվեց խոսել այն մասին, թե ինչպես մեկ օրում Արցախի ՊԲ-ն և պետական մյուս բոլոր կառույցները լուծարելու որոշում կայացվեց։ Նրա օրինակին հետևեց նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը․ նա նույնպես ասելիք չունի։

Արցախի մշտական ներկայացուցչությունում էր նաև ադրբեջանցիների հետ Եվլախում բանակցած Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։

Չհաջողվեց նրանից պարզել, թե այս ընթացքում Բաքվի ներկայացուցիչների հետ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նա, ի դեպ, դեռևս 2016 թվականին հայտարարել էր, թե նպատակ ունեն Արցախը ճանաչել անկախ պետություն, իսկ այսօր առանց ոչինչ ասելու հեռացավ «գոլդ» պետհամարանիշերով թանկարժեք այս ավտոմեքենայով։

Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք առաջիկայում արցախահայերի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև հանդիպումներ նախատեսվում են։ Հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաև 2018-2021 թվականներին ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Մարտիրոսյանը։ Մինչ Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներն ակտիվ ներս ու դուրս էին անում, բռնի տեղահանված արցախցիներն իրենց սոցիալական խնդիրներով շենքի դարպասների մոտ էին։

Նրանց, սակայն, չէր հաջողվում հանդիպել որևէ պաշտոնյայի հետ։ 2020 թվականի պատերազմի ժամանակ տեղահանված հադրութցիները, սոցիալական խնդիրներին առնչվող հարցերից զատ, այլ հարցեր ևս ունեն․ օրինակ՝  ինչպես ժողովրդական հանրաքվեով ինքնորոշված Արցախը մեկ հոգու ստորագրությամբ լուծարվեց։

Մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում հավաքված արցախցիներին այդպես էլ որևէ պաշտոնյա չմոտեցավ։ Նրանք, սակայն, առավել կարևոր են համարում Արցախի լուծարման մասին անպատասխան հարցերի պարզաբանումները: