Ո՞վ է եղել «Քելե լաո» երգի հեղինակը՝ ում անուն-ազգանունը քչերը գիտեն

Ո՞վ է եղել «Քելե լաո» երգի հեղինակը՝ ում անուն-ազգանունը քչերը գիտեն

Գևորգ Հակոբյան անուն-ազգանունը քչերը գիտեն, փոխարեն աշխարհում չկա գեթ մեկ հայ, որ չիմանա նրա նշանավոր երգի այս տողերը` «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր, Էրթանք ըն ձոր, քաղենք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի ճար ու դեղ, Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր»:

Համազգային աղոթքի վերածված այս երգի հեղինակը պատահական մարդ չէր, որ հայտնվեց, ընդամենը գրեց այս երգը և գնաց:

Գևորգ Հակոբյանը ծնվել է 1932 թվականին՝ Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղում, Մուշ-Սասուն աշխարհից բռնագաղթված տարագիրների ընտանիքում:

Ծնողների և համագյուղացիների կարոտն ու մորմոքը սրում Գևորգի հայրենաբաղձության զգացումները և նա իրեն նվիրում է նրանց հոգու գանձերը գուրգուրելու և սերունդներին փոխանցելու գործին:

Գևորգ Հակոբյանը սկսում է ստեղծագործել, գրում է երգեր ու բանաստեղծություններ: Դրանցում անհատական ու համազգային ապրումներն այնքան են միաձույլ, որ թվում է, թե ինքը ժողովուրդն է ստեղծել այդ ստեղծագործությունները:

Բանահյուսական խոսքի ու մեղեդու տարերքն այնքան բնական ու հարազատ էր նրան, որ նույնիսկ այդ երգերի հեղինակային պահանջ չէր ներկայացնում:

Առանձնահատուկ ջանասիրությամբ զբաղվում է մանուկների դաստիարակությամբ, ստեղծում է «Ծովասար» մանկական երգչախումբը` նրանց սրտերում վառելով հայրենասիրության կրակ, հայ երգը գիտակցաբար ընկալելու և վերարտադրելու մշակույթ:

«Քելե լաոն» 88-ի թեժ օրերին նոր կյանք առավ, հնչեց Ազատության հրապարակում, ծավալվեց, գնաց ու հասավ մինչև Արցախ, փոթորկեց զենք բռնած հայորդիների սրտերը, դարձավ ազատամարտ ու մեծ հաղթանակ:

Իր տարիների մտորումներն ու երազանքները դարձրեց մի գեղեցիկ վիպասք` «Ծովասարի կակաչները» անունով:

Այսօր հարցրեք յուրաքանչյուր սասունցու` ով էր Ժորա Հակոբյանը և կտեսնենք` ինչ ժպիտ է փայլում նրանց դեմքին և ինչ հպարտությամբ են նրանք խոսում մայրենիի փայլուն ուսուցիչ, արձակագիր, բանաստեղծ, բանահավաք մտավորականի մասին:

Գևորգ Հակոբյանն իր ստեղծագործությամբ և հատկապես այդ ստեղծագործության թագն ու պսակը կազմող «Քելե լաո»-ով կարևոր դասեր է հղում մեզ` երբեք տուրք չտալ սեփական զգացողությունների գայթակղությանը, լինել այնպես բնական, ազնիվ ու պարզ, ինչպես ժողովուրդը, և ժողովուրդն անմիջապես կգնահատի դա և կհամարի իրենը:

Գևորգ Հակոբյանն իր կերպարով հիշեցնում էր միջնադարյան դպիրների, ովքեր իրենց կյանքի գերագույն խնդիրն էին համարում ոչ թե սեփական անձի ընդգծումը, այլ վերին ճշմարտությանը ծառայելն ու փոխանցելը սերունդներին: Այդ ազնվագույն մարդը վաստակել է հիշվելու և մեծարվելու պատվին:

Հիշենք այդ նվիրական անունը` Գևորգ Հակոբյան: