Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mercedes-ն ու Ford-ը կողաշրջվել են, 2 հոգի տեղում մահացել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Մահացածներին և վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վթարի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: