Ուկրաինայի դրոշը հեռացվել է ֆրանսիական Վիենի քաղաքապետարանի ճակատային հատվածից Զելենսկու՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին հայտարարությունից հետո

Ուկրաինայի դրոշը հեռացվել է ֆրանսիական Վիենի քաղաքապետարանի ճակատային հատվածից Զելենսկու՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին հայտարարությունից հետո

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը կարգադրել է հանել ուկրաինական դրոշը քաղաքապետարանի շենքի ճակտոնից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին հայտարարությունից հետո։

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Dauphiné libéré պարբերականին։

«Չի կարելի վկայակոչել արևմտյան արժեքները և դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին` միաժամանակ կիսելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նախաձեռնողը հանդիսացող ռեժիմի տեսլականը։ Ադրբեջանի բռնապետին աջակցություն հայտնելու այս ձևն անընդունելի է։

Այս հեռացումը (դրոշի – խմբ.) ոչ մի կերպ չի նվազեցնում այն աջակցությունը, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին», – քաղաքապետի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Կովաչը նաև շեշտել է, որ «չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին» մարդասիրական օգնության համար, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում ցուցաբերված աջակցության, քանի որ Ադրբեջանը «գազը մեկուկես անգամ թանկ գնով է վաճառում՝ Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար»։