Ու երևի երբեք չեմ կարողանա չափել քո կորստի մեծությունը․ այսօր 44-օրյա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի ծննդյան օրն է
44-օրա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեկտեմբերի 22
Ասում են՝ հին հայերն իրենց Նոր տարին տոնել են դեկտեմբերի 22-ին, ձմեռային արևադարձ օրը… . ուրեմն դու Միհրի նվերն ես ինձ, Արևի ծնունդ, Լույսի զավակ…
8 տարեկան էիր, երբ առաջին անգամ արևի պես վառվռուն աչքերով պատմեցիր ինձ Ռուսաստանի Դմիտրով քաղաքի դպրոցի քո համադասարանցի Մարինայի մասին: Շուտով պիտի Հայաստան վերադառնայինք, և դու շշուկով հարցրեցիր.
– Ես էլ Մարինային չե՞մ տեսնելու:
– Իհարկե, կտեսնես, – մեղավոր ժպտացի ես, – հենց դպրոցն ավարտես, խոստանում եմ՝ անպայման կգաս Մարինային տեսնելու…
18 տարեկանում մեկնեցիր Մոսկվա, հորդ մոտ: Շատ էի անհանգիստ՝ 18 տարեկանի համար Մոսկվան ամենակուլ քաղաք է, ուստի հաճախ էի զանգում: Բայց մի անգամ 3 օր պատասխանում էր հայրդ ու ամեն անգամ ինչ-որ պատճառաբանություններ բերում, թե ինչու տանը չես: 4-րդ օրն արդեն հասկացա, որ վատ բան է պատահել, ու հայրդ խոստովանեց, որ փոքր վեճից հետո մեքենայով հեռացել ես տնից ու չորս օր է՝ չկաս, ու ոստիկանությունն արդեն փնտրում է… Սարսափեցի, բայց վայրկյաններ անց միանգամից շշնջացի՝ գնացել է Մարինայի մոտ։
Հաջորդ օրը քեզ գտան Դմիտրևից Մոսկվա վերադառնալու ճանապարհին։ Երբ հայրդ մի լավ զայրանալուց հետո հեռախոսը քեզ տվեց, հարցրի.
– Մեն, Մարինային գտա՞ր:
Խուլ ծիծաղեցիր ու անսահման գորովանքով շշնջացիր.
– Ըհն: Մայ, ես գիտեի, որ միայն դու կհասկանաս, թե ես ուր եմ գնացել ու չես բարկանա…:
Ոնց չհասկանայի, ես էի քեզ այդպիսի խենթուխելառ մեծացրել, սովորեցրել երբեք չհրաժարվել ոչ մի երազանքից…
Եվ մի օր էլ հասկացանք, որ արդեն վաղուց մայր ու որդուց վերածվել ենք մտերիմ, շատ մտերիմ ընկերների…
Ու երևի երբեք չեմ կարողանա չափել քո կորստի մեծությունը…
Շնորհավոր Աստվածային ծնունդդ, Մե՛ն, իմ Մենուա արքա, իմ Միհրորդի զավակ..․»: