Ռեստորանում սպասում էին զորացրված զինվորին. Ինչ են պատմում հարազատները

Մանուչարյանների որդու զորացրման խնջույքը շաբաթ օրը՝ հունվարի 13-ին, այդպես էլ չկայացավ։

Ձնահյուսից մահացած Բենիամին Մանուչարյանի հարևանն ու դասվարը պատմում է, որ հանդիսությունների սրահում ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները սպասում էին, որ բանակից զորացրման խնջույքը սկսեին։ Այս մասին գրում է News.am-ը։

Սակայն Բենիամինն ուշացել է։ Նրա հետ կապը կորել է կեսօրին։

Զորացրման օրը Սիսիանում ծառայող Բենիամինը որոշել էր ծառայակից ընկերներին հրաժեշտ տալ։ Բարձրացել էր դիրք։ Խիստ անբարենպաստ եղանակի պատճառով դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին նրա հետ կապը կորել էր։

Որոնողական աշխատանքը տևեց մեկ օր։ Նրա դին հայտնաբերվեց ձնահյուսի տակ՝ հունվարի 14-ին՝ 14։20-ի սահմանում՝ Ցղունի գյուղի տարածքում։

Դեպքի մանրամասները հարազատներին ու գյուղացիներին հայտնի չեն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ զրոացրվող զինվորը սեփական նախաձեռնությամբ է դիրք բարձրացել։

Բենիամին Մանուչարյանը Մասիս համայնքի Այնթափ բնակավայրից էր։ Այնթափի համայնքապետարանի ներկայացուցիչը դեպքի հանգամանքներից տեղյակ չէ, բայց նա վստահ է՝ եթե բանակում կարգուկանոն լիներ, այս ողբերգությունը չէր լինի։