Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 2023 թվականի դեկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով էլ սիրված հաղորդավար, ժողովրդին հայտնի «Պահմտոցի» հումորային հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Միքայելյանը իր վարած «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ծավ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվելով հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Սարգիս Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց նա դիմել է դեպքի հաջորդ օրը, իսկ մինչ այդ իր ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել անվտանգ վայր։
Հիվանդանոցից էլ ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 9-րդ կայազորային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ավագ քննիչ Երվանդ Ղոնյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկը փորձել է սթափության ենթարկել Ս․ Միքայելյանին, սակայն վերջինս հրաժարվել է սթափություն հանձնելուց։
Քննիչը նույնպես հիվանդանոցում է փորձել սթափության ենթարկել նրան, այնտեղ նույնպես հրաժարվել է, ինչի համար էլ նա 2 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։