Սևակի թոռը՝ պապի դիմանկարով գուլպաների մասին

Սևակի թոռը՝ պապի դիմանկարով գուլպաների մասին

Oragir.News-ը շարունակում է հետամուտ լինել՝ պարզելու, թե ինչպիսի կարծիք ունեն այն մտավորականների հետնորդները, որոնց ծնողների լուսանկարներն օգտագործվում են շապիկների, գուլպաների կամ այլ տեսակի կտորեղենի վրա՝ տպագրությունների նպատակով:

Հերթական անգամ մեր հետևորդներից ստացել ենք լուսանկար, որտեղ պատկերված է Պարույր Սևակի դիմանկարը՝ «Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում» գրվածքով:

Պարույր Սևակի դիմանկարի և տողերի՝ այս տպագրություններում գործածման շուրջ Oragir.News-ը զրուցել է գրողի թոռան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Ղազարյանի հետ, ով նշեց, որ ինքն էլ չի հավանել լուսանկարի՝ տվյալ ձևաչափով գործածումը.

«Վերաբերմունքս, միանշանակ, բացասական է, եթե դա անճաշակ է արված, սխալ տեսակի հագուստի՝ գուլպայի, ներքնաշորի, ներքնազգեստի վրա է:

Գուլպաների լուսանկարն ինձ էլ են ուղարկել, որն ընդհանրապես չեմ հավանել: Այստեղ խնդիրն այն է, որ դիմանկարից զատ՝ կան նաև տեքստեր: Տեքստերի դեպքում՝ մենք կարողանում ենք ինչ-որ կերպ ազդել, որովհետև տեքստերի վրա տարածվում է հեղինակային իրավունքը»:

Գրականագետի խոսքով՝ աշխատանքային օրերի սկսվելուն պես՝ կանդրադառնա դրան. «Աշխատանքային օրերը սկսվեն՝ շատ շուտով, կանդրադառնանք դրան, որպեսզի իրավաբանորեն համապատասխան լուծում տանք:

Պատկերի դեպքում, ցավոք, հեղինակային իրավունքը շատ հստակ չէ, որովհետև կախված է՝ ինչ պատկեր է: Եթե լուսանկար է, հեղինակային իրավունքը պատկանում է նաև տվյալ լուսանկարչին: Խնդիրը նաև այն է, որ հիմա շատ են շապիկների կամ կտորի վրա նման պատկերներ տպում, ինչը վերահսկելը շատ բարդ է:

Բոլոր այն դեպքերում, երբ դա ճաշակով է արված, խնդիր չկա, որովհետև, ի վերջո, նպաստում է Պարույր Սևակի հանրահռչակմանը: Բայց երբ դա արվում է ինչ-որ գուլպաների վրա, ես դա, անկեղծ ասած, չեմ հասկանում, չեմ ընկալում»: Ղազարյանն ասաց նաև, որ նման գուլպաներ ինքն էլ է տեսել, որտեղ պատկերված են նկարիչների կտավներ, բայց հարց է, թե որքանով է աշխատանքը կոռեկտ.

«Իհարկե, հասկանում եմ, որ հիմա ինչ-որ տարատեսակ նորաձև հոսանքներ են. զանազան գուլպաներ եմ տեսել, օրինակ՝ նաև նկարիչների կտավների գույներով: Գուցե, գույների դեպքում դա գեղեցիկ է երևում, թեև դա էլ է հարց՝ ինչքանով է կոռեկտ, ճիշտ, գեղեցիկ: Գեղեցկության ընկալումներն էլ շատ տարբեր են»:

Սևակ Ղազարյանի խոսքով՝ հեղինակային իրավունքների մասին օրենքը վերանայվելու, խմբագրվելու և մշակվելու կարիք ունի, որպեսզի նման դեպքերը կանխվեն: