Վրաերթ՝ Չարենցի փողոցում. տղամարդն անցնում էր չթույլատրված վայրով
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան Չարենցի 9 շենքի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և վրաերթի հարևանությամբ գործող «Չիլլ Պիլլ»-ի աշխատակցիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի և գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արամ Խաչատրյանն ու պարեկ Ռոբերտ Պողոսյանը տարածքը սահմանազատել են և ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում