Փոքրիկիս դրեցի մահճակալի մեջ, ուզում էի օրորել, լսվեց առաջին պայթյունը

Փոքրիկիս դրեցի մահճակալի մեջ, ուզում էի օրորել, լսվեց առաջին պայթյունը

Oragir.News-ը գրում է․ Արցախցի 34-ամյա Արև Դանիելյանը մասնագիտությամբ լրագրող է, երեք երեխաների մայրիկը վերջին պատերազմի ժամանակ ֆիզարձակուրդում էր։

Պատերազմում տեսածի ու լսածի, Արցախում թողածի մասին պատմելիս Արևը չի կարողանում թաքցնել հուզմունքը։

«Արցախի հողը սուրբ է, չգիտեմ՝ ինչպես կարողացանք թողնել այդ հողը և հեռանալ․ ամեն ինչ անհասկանալի է։ Նոյեմբերի 9-ից հետո մենք ամեն ինչի պատրաստ էինք դիմանալ, և դրա ապացույցը 10 ամիս տևած բլոկադան էր։

Դա ևս մի դժոխք էր, որի միջով անցանք, պատրաստվում էինք ավելի դաժան ձմեռ դիմավորել, բայց երբեք չէինք մտածում, որ այդ ձմեռը Արցախից դուրս ենք դիմավորելու», – Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Արև Դանիելյանը։

Շրջափակման հետևանքով բազմաթիվ զրկանքներից ու տառապանքներից հետո արցախցիները հարկադրված բռնեցին գաղթի ճանապարհը։ Թշնամին հարձակվեց հյուծված ու զինաթափված Արցախի վրա։

«Սեպտեմբերի 19-ը հերթական օրերից մեկն էր… Երեխաներս դպրոցում էին․մեծ տղաս երրորդ դասարան է, միջնեկս՝ առաջին։ Երեխաներիս ուրախությամբ էինք դպրոց ճանապարհում, չգիտեինք, թե ինչքան ժամանակ երեխաներս դպրոց կգնան, որովհետև առջևում ձմեռ էր, լույսը անջատումներով էր, գազ չկար, մի խոսքով՝ ջեռուցման խնդիր կար։

Էդ օրը սովորական աշնանային օրերից մեկն էր, գնացել էի բալիկիս հետևից ու տեսա, որ դպրոցում խուճապ է, երեխաները միջանցքում լացում էին։ Առաջինդասարանցիների ծնողները հավաքվել էին երեխաներին տանելու և ամեն մեկը մի անկյունում խոսում էր, որ սահմանին վիճակը լավ չէ, պատերազմ է… Բոլորը չճշտված լուրեր էին, բայց որ ինչ-որ բան էր կատարվում, դա հաստատ էր։

Մեծ տղաս դեռ մի դասաժամ ուներ, բայց ուսուցչուհուն զգուշացրի և նրան էլ տուն տարա։ Դպրոցից դեպի մեր տուն հինգ րոպեի ճանապարհ էր, մենք արագ տուն էինք քայլում, ու զգում էի, որ մի բան լինելու է»,-շարունակում է արցախցի լրագրողը։

Երիտասարդ մայրիկն ասում է, որ դեռ 2020 թվականի պատերազմից հետո է իր տղաներին բացատրել, թե ինչ պիտի անեն, եթե հանկարծ ռմբակոծություն լինի, կրակոցների ձայներ լսեն։ Մայրիկի հորդորները այդ օրն էլ նույնն էին` առանց խուճապի մատնվելու պատսպարվել։

«Փոքրիկիս կերակրեցի, պատրաստվում էի քնեցնել, դրեցի մահճակալի մեջ և փորձում էի օրորել, լսվեց առաջին պայթյունը, հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Ինձ չկորցրի, փոքրիկիս արագ գրկեցի, տղաներիս կանչեցի և ասացի՝ վազեն նկուղ։

Էդ ընթացքում անընդհատ ռմբակոծության ձայներ էին լսվում, մենք վազեցինք նկուղ, բայց մեր տան հարակից շենքի նկուղն ավելի ապահով էր, երեխաներիս հետ վազեցինք այդ շենքի նկուղը։ Դժոխային գիշեր ենք անցկացրել նկուղում, երեխաներին քնեցրել ենք հատակին… Քանի որ մեր տունը մոտ էր, վազում էի տուն, դեղ էի բերում, ջուր, հաց։

Հացը, իհարկե, այդ ժամանակ շքեղություն էր մեզ համար… Մի փոքր ալյուր ունեինք, թխել էինք, բերեցի, բաժանեցի երեխաներին։

Ամբողջ գիշեր ռմբակոծում էին, մեր վախվորած փոքրիկներին հանգստացնելու համար ասում էինք, որ մի վախեցեք՝ մերոնք են խփում։ Տղաս քնած էր, ռմբակոծության ձայնից վեր թռավ, ասաց` մերոնք են, մերոնք ու նորից քնեց…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում