Քույրիկիս հետ վազելով մի ձև հասել ենք նկուղ. արցախցի 13-ամյա աղջկա պատմությունը
13-ամյա Վալերիա Կարախանյանը սեպտեմբերի 19-ին դպրոցում էր, երբ Ադրբեջանը հերթական անգամ սանձազերծեց Արցախի դեմ պատերազմ։
Արցախցի աղջնակի հիշողության մեջ տպավորվել է այն, թե ինչպես ինքն ու քույրը վազելով դպրոցից տուն հասան․
«Առաջին անգամ, որ կրակեցին, էդքան չվախեցանք, բայց որ ֆիզկուլտուրայի ժամին էլի սկսվեցին կրակոցները, քույրիկիս դասղեկն ասեց՝ քույրիկիդ վերցրու քո մոտ թող մնա։
Դասը սկսվելուն պես, նորից սկսվեցին կրակոցները։ Ահավոր վիճակ էր, երեխաները վատանում էին… քույրիկիս հետ վազելով մի ձև հասել ենք նկուղ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի աղջիկը։ Վալերիայի ընտանիքը հիմա Շիրակի մարզի Հացիկ գյուղում է ապրում:
«Հարմարվել եմ»,- ասում է 13-ամյա Վալերիան, հետո ինքն իրեն ուղղում է, «ավելի ճիշտ՝ փորձում եմ հարմարվել»։
Արցախցի աղջիկն ասում է՝ Հացիկ գյուղը սիրուն է, բայց իր Ստեփանակերտն ուրիշ է։ Հետո աչքերն է լցնում ու ասում, որ կարոտել է Արցախը, ամեն ինչից շատ կարոտել է Արցախի իր ընկերներին։
Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում