Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է ավելի քան 3 մլն դրամ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի և Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի։
Հայցերը մուտքագրվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայցը վերաբերում է վիրավորանքի համար ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն:
ArmLur.am-ի հետ զրույցում Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը նշում է՝ Ալեն Սիմոնյանն իրենից պահանջում է ներողություն խնդրել և 3 մլն 590 հազար դրամ փոխհատուցում տալ.
«Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել էր, որ հայց է ներկայացնելու իմ և պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ: Հայցը ստացել եմ, այն վարույթ է ընդունվել:
Մոտ 2-3 ամիս առաջ Tert.am-ը հրապարակել էր Ալեն Սիմոնյանի մի գրառում, որտեղ նա ասել էր՝ «մեր երեխաներին ազատ-անկախ, Հայաստան պետք է ժառանգենք», այդ գրառման տակ սոցիալական իմ էջից գրվել է «պոռնիկ» բառը, չնայած այդտեղ ավելի վատ բաներ կար գրված, բայց Սիմոնյանը վստահաբար թիրախավորել է ինձ և իմ լրատվամիջոցը:
Նա ներողություն է պահանջում խնդրել և 3 մլն 590 հազար դրամ փոխհատուցում՝ իբրև վիրավորանքի համար: Հիմա նախ ինքը պետք է ապացուցի, որ այդ բառն իրեն է ուղղված:
Դա սոցիալական ազատ տիրույթ է, և ես կարող է, օրինակ, նկատի եմ ունեցել Էրդողանին, այնտեղ գրված չի, որ այդ բառն Ալեն Սիմոնյանին է ուղղված, ուստի տարօրինակ է, որ իր վրա է վերցրել, բայց եթե այդ բառը լսելուց իրեն թվում է, որ իրեն են նկատի ունեցել, ուրեմն իր խնդիրն է դա:
Գուցե ինքն ավելի լավ գիտի՝ ո՞ւմ են նման բառեր ասում և ինչի՞ համար, կամ գուցե շատ լավ գիտի ինքն ինչն է արել, որ արժանի է նման բառերի, դա իր խղճի, մտքի և բարոյական արժեհամակարգի հարցն է»,-ասաց Անժելա Թովմասյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի նպատակն է թիրախավորել լրատվամիջոցը.
«Նա խնդիր ունի լռեցնելու մեզ: Սիմոնյանը մոտ 16 հոգու նկատմամբ նման գործընթաց է սկսել, ենթադրում եմ՝ շեֆն է հանձնարարել, որ մի քանի լրատվամիջոցով և քաղաքական ակտիվով, ընդդիմադիր գործիչներով ինքը կզբաղվի, մի քանիսով շեֆը կզբաղվի:
Սովորաբար, նման ակտիվություն, դատական պրոցեսներ, քաշքշուկներ սկսում են այն ժամանակ, երբ չարաբաստիկ նոր վտանգներ կան կախված մեր երկրի գլխին: Մահաբեր գործընթացներից առաջ սովորաբար նման դատական քաշքշուկներ են իշխանությունները սկսում, ենթադրելի է, որ մութ ամպեր են կուտակվել հիմա Հայաստանի գլխին, ութ գյուղերից են խոսում, միջանցքի մասին են խոսում, եթե այս ամենը դիտարկենք, ապա ակնհայտ է, որ լռեցնելու պրոցես է գնում:
Դուք տեսեք նրա պահանջած մեծ գումարը, ուզում են լրատվամիջոցին վերջնականապես խորը ճգնաժամի առաջ կանգնեցնել, այս խնդիրներ են լուծում:
Ի դեպ, Ֆրանսիայում էլ նման անվանումով քաղաք կա, շատ հավանական է, որ հենց այդ քաղաքն եմ նկատի ունեցել, ինչու՞ է Սիմոնյանը մտածում, որ իրեն եմ նկատի ունեցել»,-հավելեց Անժելա Թովմասյանը: