Ահա թե որոնք են ազնվամորու բուժիչ հատկությունները

Ազնվամորու բուժիչ հատկությունների մասին լեգենդներ են պտտվում։ Այն օժտված է հակաբորբոքային հատկություններով, կարգավորում է ստամոքսի և աղիների աշխատանքը, մաքրում և ջրիկացնում արյունը։ Բացի այդ՝ ազնվամորու մուրաբան օգնում է արագ ապաքինվել մրսածությունից։

Այս հատապտղի մեջ առկա են վիտամին A, B խմբի վիտամիններ, ինչպես նաև վիտամին C, E և K։ Ազնվամորին հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են կալիումը, մագնեզիումը, մանգանը, բորը, պղինձը, ֆոսֆորը, կալցիումը և այլն։

Սննդային արժեքը

100 գրամ թարմ ազնվամորին պարունակում է 42Կկալ, այդ պատճառով էլ այն համարձակ կարելի է դասել դիետիկ մթերքների շարքում։ Ազնվամորու պտուղներում առկա է շուրջ 80 տոկոս ածխաջուր և մոտավորապես 10-ական տոկոս սպիտակուց և ճարպ։ Օրական թույլատրելի շեմը 200-300 գրամն է։

Օգտակար հատկությունները

Բացի մրսածության և գրիպի ժամանակ ազնվամորու մուրաբա օգտագործելը, վիտամինների և հանքանյութերի պակաս ունեցող մարդիկ այն կարող են օգտագործել նաև թարմ վիճակում՝ իրենց օրգանիզմը զինելով էներգիայով և թարմությամբ։

Ազնվամորին կարող է ամրապնդել սրտանոթային համակարգը և նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման ռիսկը։ Սա իր հերթին նվազեցնում է ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը։

Բացի այդ՝ այս հատապտուղն ունակ է ջրիկցնել արյունը, օրգանիզմից հեռացնել քարերը և ավազը, կարգավորել հորմոնալ ֆոնը և այլն։
Սակայն ազնվամորին ունի նաև հակացուցումներ։ Մասնավորապես, զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ, գաստրիտ և հոդատապ ունեցող անձինք։