Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի ստացվում:
Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ և լինել Աստծո ներկայության մեջ` հաղորդակցվելով Երկնավոր Հոր հետ: Հենց դա արդեն աղոթք է` հաղորդակցություն առ Աստված` շրջանցելով մտքերդ և խնդիրներդ ու թափանցել անտեղ, որտեղ Աստծո ներկայությունն է, հոգու խորքում գտնվող աղոթքի տարածությունը, այսինքն` այն վայրում, որտեղ դադարում ես մտածել, թե ինչ հասակ ունես, արդյոք գեղեցիկ ես, ամուսնացած ես, գումար ունես, թե չունես և այլն:
Թափանցում ես այնտեղ, որտեղ մտքերն այլևս պատնեշ չեն ստեղծում քո և Աստծո միջև, որովհետև մուտք ես գործում հոգուդ խորքը: Եթե մենք կարողանանք աղոթել այդպես, այդժամ մեզ որևէ խնդիր չի անհանգստացնի և տագնապ, տառապանք պատճառի: