35-ամյա Անահիտ Հակոբջանյանը արցունքներն աչքերին է Արցախից հեռացել։ Մինչև տնից դուրս գալը՝ ամեն ինչ մանրակրկիտ մաքրել-հավաքել է: Ասում է`մեկ է, հետ եմ գնալու, բա տունս ինչի թափթփված լինի։
«Ահավոր դժվար է, տունուտեղդ թողնես, մի ձեռք շորով դուրս գաս, որ ապրես։ Դժոխք էր… Ամեն դժվարությունից հետո ասում էի`փառք Աստծո, էս մի փորձությունն էլ անցնաք»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից բռնի տեղահանված Անահիտ Հակոբջանյանը։
Անահիտի ամուսինը պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 19-ին դիրքերում է եղել, հայտնվել շրջափակման մեջ։ Արցախցի կինը ամուսնուց մի քանի օր լուր չի ունեցել։
«Ամուսինս ամսի 19-ին դիրքերում էր, 3 օր շրջափակման մեջ է եղել, իրենից վաբշե լուր չունեինք։ Սաղ դիրքերից իջան, բայց իմ ամուսինը չկար, ախպերս էլ էր դիրքերում։ Զանգեցի ախպորս, ասացի՝ նորություն չունե՞ս, ասաց`չէ։ Ես հույսս կորցրել էի, բայց ամուսինս եկավ»,- շարունակում է 35-ամյա կինը։
Անահիտ Հակոբջանյանի ընտանիքն էլ մեծ դժվարություններով է Հայաստան հասել, ճանապարհին կորցրել է հաշմանդամություն ունեցող մորը, այնուհետև ընտանիքի անդամները գտել են իրար։
Հիմա ընտանիքի անդամները տարբեր բնակավայրերում են ապրում, հեռու են իրարից, բայց այս պահին իրար հուսադրում են, որ իրենք փրկվել են դժոխքից։
«Ամսի 28-ին դուրս ենք եկել, ամսի 30-ին հասել Գորիս։ Ճիշտն ասած, որ արդեն պիտի հասնեինք Հակարիի կամուրջ, աղոթում էի։ Երկու թուրք մտան մեքենաները, հաշվեցին մեզ, տղամարդկանց իջեցրին, ամուսինս Ուրալի շոֆերն էր, ամուսինս քշեց, մյուս տղամարդիկ ոտքով գալիս էին մեքենայի հետևից»,- պատմում է արցախցի կինը։
Մանրամասները` Oragir.News-ի տեսանյութում