Անիծված պատերազմ, անիծյալ հրդեհ. որդուն հուղարկավորեցին Եռաբլուրում, հորից դեռ լուր չկա
«Ինչ սպասումներ ունեինք, ինչ տեղի ունեցավ». MediaHub-ի զրուցակից Կարինե Բալայանը նախքան բռնի տեղահանումն ապրում էր Մարտունու շրջանի նախ՝ Ներքին Ճարտար, ապա, 2020-ից հետո, հայրենի Հերհեր գյուղում։
Նախկին զինվորական ամուսնու՝ Սևակի ու 3 զավակների հետ ապրում էին երջանիկ կյանքով, սեփական քրտինքով վաստակում տան եկամուտն ու լուծում բոլոր կարիքները։ Մեծ ապագա էին տեսնում երեխաների մեջ ու սպասում էին առաջնեկի՝ Էդվարդի զորացրմանը։
«Բայց պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ ու փոխեց սպասումներս, Էդվարդից հետո կյանքը փոխել է իր գույները»,- ասել է Կարինեն։
Էդվարդ Սարգսյանը ժամկետային էր։ Մի քանի ամիս անց ծառայությունը շարունակել է պայմանագրային հիմունքներով։ 9 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց լայնամասշտաբ հարձակում։
«Էդոն մարտական հերթապահությունն իրականացնում էր Մարտակերտի շրջանի Նարեշտարի դիրքերում։ Հետախույզ դիպուկահար էր։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հրամանատարության կողմից մարտական առաջադրանք են ստանում։ 811 դիրքի թիկունքային մասում պետք է հատուկ գործողություն իրականացնեին, սակայն, գիշերը նա իր մարտական ընկերների հետ բեկորային վիրավորում է ստանում»,- պատմել է մայրը։
Վիրավորում ստացած զինծառայողներին Վանքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին թշնամին խոցում է նաև շտապ օգնության մեքենան, ցավոք, բոլորը զոհվում են։
«Նրա մահվան լուրից կյանքը կանգ է առել։ Ես էլ, ամուսինս էլ թևաթափ ենք եղել։ Էդվարդիս կորցնելուց հետո միայն հասկացա, որ Աստված իսկապես հատընտիր մարդկանց է իր մոտ տանում։
Այնքան բարի սիրտ ուներ տղաս։ Երբ արձակուրդ էր եկել մի քանի օրով, բլոկադայի մեջ էինք, ինքն է ժամերով կանգնել հացի հերթում։ Երկար սպասելուց հետո, երբ հերթը հասավ իրեն, գնեց, իսկ վաճառողը հայտարարեց, որ հացը վերջացավ։ Էդվարդը շրջվել է, որ գնա, տեսել է շարքի վերջում մի կնոջ` երեխայի ձեռքից բռնած։ Մոտեցել է կնոջը, ձեռքի հացը տվել նրան` ասելով. «Մենք տանը մի քիչ հաց ունենք, կդիմանանք»»,- հիշել ու արտասվել է Կարինե Բալայանը։
Էդվարդի մարմինը դիրքերից իջեցնելուց հետո եկավ Սարգսյանների ընտանիքի՝ Արցախը հարկադրված լքելու օրը։ Կարինեի ամուսինը՝ Սևակ Սարգսյանը որոշել էր՝ ամեն գնով որդու աճյունը տեղափոխել Հայաստան, հուղարկավորել հերոսների կողքին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
«Էդվարդը հասավ Եռաբլուր, բայց Սևակը չհասցրեց մասնակցել անգամ որդու հուղարկավորությանը»։
Սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում էր նաև Սևակ Սարգսյանը, երբ տեղի ունեցավ պայթյունն ու հրդեհը։ Կարինեն ասում է, որ մինչ օրս ամուսնու մասին որևէ տեղեկություն չունեն, նա 21 անհետ կորածների մեջ է, որոնց ինքնությունը դատաբժշկական փորձաքննության նույնականացմամբ չի հաստատվել։
Կարինեն կյանքի կրկնակի հարվածին այլևս չի դիմանում։ Նրան ապրեցնում են դուստրն ու կրտսեր որդին, որ ամեն օր հույս են տալիս, որ հայրը մի օր կվերադառնա…