Փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին բավականին երկար ժամանակ է պետք դոնոր գտնելու համար։ Նրանք ստիպված են լինում սպասել շաբաթներ, ամիսներ, իսկ երբեմն անգամ տարիներ։ Բայց ֆեյսբուքի միջոցով դոնոր գտնելը մի փոքր անսպասելի էր։
Արիաննա Մուրի երիկամները դադարեցին գործել, երբ նա ընդամենը 7 շաբաթական էր։ Բայց երկու տարեկանը լրանալուց հետո նա նոր երիկամ կունենա բոլորովին անծանոթ մի կնոջ մեծահոգության շնորհիվ։
Տեսնելով, թե ինչպես է 2-ամյա աղջիկը խաղում իր քրոջ հետ՝ անհնար է կռահել, թե ինչ մեծ նշանակաություն ունի այդ կարեւոր օրգանը այս երեխայի համար:
Արիաննա Մուրը տառապում է գենետիկ հազվագյուտ մի հիվանդությամբ, որը առաջացնում է երիկամների սպիացում, եւ նա դիալիզ է ստանում օրական 10 ժամ։
Մուրի ընտանիքի անդամներից մեկը ֆեյսբուքյան էջ էր ստեղծել երեխայի օգնության համար։ «Ես բացարձակապես չէի ակնկալում դոնոր գտնել ֆեյսբուքի միջոցով, երբ նույնիսկ մեր բարեկամների շրջանում չէի կարողանում դոնոր գտնել», – ասում է Էշլի Մուրը՝ Արիաննայի մայրը։
Այնուամենայնիվ դոնորը գտնվեց։ Մի կին, ով ապրում է 1500 մղոն հեռավորության վրա գտնվող Ֆլորիդա նահանգի Ջեկսոնվիլ քաղաքում, իմանալով աղջկա ծանր վիճակի մասին, որոշել է օգնել նրան։
«Ես շատ եմ հուզվում, երբ լսում եմ հիվանդ երեխաների մասին, այդ պատճառով սովորաբար այդպիսի հայտարարությունները չեմ նայում, բայց այս անգամ կարդացի», – ասել է Քրիստի Հարդինգը։
Հարդինգը Fox News-ին հայտնել է, որ Մուրի պատմությունը շատ է հուզել նրան, եւ նա մտածել է, որ կարող է օգնել երեխային։ Հարդինգը մեկնել է Քուին Սիթի, հանձնել արյան հատուկ անալիզ՝ պարզելու, արդյոք նա կարող է դոնոր դառնալ, թե ոչ։